«Վրացական երկաթուղիներ»-ը 100 տոկոս բաժնեմասով փոխանցվել է Վրաստանի կառավարությանը

«Վրացական երկաթուղիներ»-ի 100 տոկոս բաժնեմասը «Գործընկերության հիմնադրամից» փոխանցվել է անմիջապես Վրաստանի կառավարությանը, BM.ge-ի փոխանցմամբ՝ նշված է Լոնդոնի ֆոնդային բորսայից ներդրողներին ուղարկված պաշտոնական հայտարարության մեջ:

Ի դեպ, 2022 թվականի ամռանը հանրությանը հայտնի դարձավ, որ «Գործընկերության հիմնադրամի» բարեփոխման շրջանակներում Վրաստանի կառավարությանն է փոխանցվելու ամենամեծ ակտիվը՝ «Վրացական երկաթուղիները», թեև գործարքի ճշգրիտ մանրամասները և ժամկետը հրապարակման մեջ չէին նշվում։

Լոնդոնի ֆոնդային բորսայի հայտարարությունն այն ապացույցն է, որ գործարքն ավարտվել է դեկտեմբերին, և կառավարությունը դարձել է երկաթուղու սեփականատերը։

Նշենք, որ «Գործընկերության հիմնադրամն» արդեն պետական ​​ներդրումային հիմնադրամ է, հետևաբար` սեփականատիրոջ փոփոխությամբ երկաթգիծը մնում է Վրաստանի տիրապետության տակ, և ըստ էության ոչինչ չի փոխվում։

Ներկայումս «Գործընկերության հիմնադրամի» հաշվին մնացել է միայն մեկ խոշոր ակտիվ՝ «Նավթի և գազի կորպորացիան»։

Նշենք նաև, որ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը 2022 թվականի 9 ամսում ստացել է 507 մլն լարի եկամուտ։ Ընկերության եկամուտների 20 տոկոսով աճը պայմանավորված է մինչև 11 մլն տոննա բեռնաշրջանառության ավելացմամբ: