Վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին որևէ հանրաքվեի մասին խոսելն անընդունելի է

Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպե Կոֆոդին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ «Վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին բոլորովին անընդունելի է խոսել որևէ հանրաքվեի մասին»։ 

Նշենք, որ Կոֆոդիի այս հայտարարությունը կապված է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին լուրերին։ 

Դանիայի արտգործնախարարի խոսքով, օկուպացիայի պայմաններում, երբ էթնիկ զտումներով վտարվել են Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, ոչ մի հանրաքվե օրինական արդյունք չի ունենա։ 

Ըստ Կոֆոդիի՝ վրացական տարածքների օկուպացումը ոչ միայն քաղաքական գնահատականի հարց է, այլև իրավաբանորեն հաստատված փաստ. 

«Ստրասբուրգի դատարանը ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ​​է տվել վրացական տարածքների օկուպացմանը»,- ասել է Կոֆոդին։ 

Արտգործնախարարի խոսքով՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար Վրաստանը գործընկերների հզոր աջակցությամբ հետևողականորեն խաղաղության քաղաքականություն է վարում, թույլ չի տա սադրանքներ և 2008 թվականի պատերազմի սարսափելի հետևանքների կրկնություն։ 

Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ ստեղծված բարդ իրավիճակում, ցավոք, դեռևս հնչում են տարբեր կոչեր, որոնք լիովին հակասում են միջազգային իրավունքի նորմերին և հիմնարար սկզբունքներին, որոնք արժեքավոր են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Վրաստանի համար։ 

«Չնայած սադրանքներ հրահրելու, 2008-ի սցենարը կրկնելու փորձեր են արվում, սակայն մեր կառավարությունը դա թույլ չի տա․ մենք հետևողական ենք կառավարության հայտարարած խաղաղության քաղաքականությանը։ Մենք հավատարիմ ենք ապաօկուպացիայի քաղաքականությանը, ուժի չկիրառմանը, և մենք ասում ենք, որ ուժ չենք գործադրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Սա մեզ համար իրավական պարտավորություն է, որին միջազգային հանրությունը վճռականորեն աջակցում է»,- ասել է Զալկալիանին։ 

Նշենք նաև, որ Վրաստանի կողմից չվերահասկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ խոստացել է մոտ ապագայում միանալ Ռուսաստանին։ Հատկանշական է, որ Բիբիլովը նախկինում բազմիցս նման հայտարարություններ է արել։