Վրացիները և ուկրաինացիները Ռուսաստանի՝ հարևանների վրա գերիշխելու ձգտման զոհն են. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Բլինքենը հայտարարության մեջ նշել է՝ Վրաստանի տարածք Ռուսաստանի զինված ներխուժումից և 20 տոկոսի օկուպացիայից 15 տարի անց ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Ռուսաստանի գործողություններն ընդմիշտ փոխել են հակամարտությունից տուժած բնակչության կյանքը. «Մենք մեծ հարգանքով ենք հիշում զոհվածներին, մեր ցավակցությունն ենք հայտնում վիրավորներին և տեղահանվածներին»:

Նշվում է նաև, որ Կրեմլի ապատեղեկատվական արշավները, սահմանազատումը և մարդկանց զանգվածային տեղաշարժը բազմաթիվ դժվարություններ են ստեղծում Վրաստանի համար:

«Ե՛վ վրացի, և՛ ուկրաինացի ժողովուրդը դարձավ միջազգային իրավունքի նկատմամբ Ռուսաստանի անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև իր հարևանների վրա գերիշխելու ցանկության զոհը»,- նշված է Բլինքենի հայտարարության մեջ։

Բլինքենի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը հաստատակամ դիրքորոշում ունի, որ Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականին ստորագրված 6 կետից բաղկացած համաձայնագիրը և իր զորքերը տեղակայի այնտեղ, որտեղ գտնվում էին մինչև հակամարտության սկիզբը։

Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:

Ուշագրավ է, որ բացի Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին:

Երեկ՝ օգոստոսի 7-ին, պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը և այլք: