Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը հասել է 1 մլրդ դոլարի

Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Ղարիբաշվիլին նշել է՝ Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրն է, ինչը Վրաստանի համար շատ ողջունելի է։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ Հայաստանից գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ ու այցելու է ժամանել Վրաստան:

Ի դեպ, Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ 

Հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվում է  Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան: