«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Պետությունը 50 հազար անապահով քաղաքացու կօգնի աշխատանք գտնելու հարցում. Լևան Դավիթաշվիլի

Սոցիալապես անապահով աշխատունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու նպատակով կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, Վրաստանի փոխվարչապետ, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին հայտարարեց, որ կառավարությունը աշխատատեղ կտրամադրի սոցիալապես անապահով առնվազն 50 հազար մարդու:

— 2022 թվականին մենք աշխատանքի կտեղավորենք առնվազն 50 հազար մարդու: Թեեւ հավակնոտ պլանն ավելի շատ Է նախատեսում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք գործընթացին միացնել սոցիալապես անապահով աշխատունակ ողջ բնակչությանը: Նրանց կարող Է վարձել ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական սեկտորը,- հայտարարեց Լեւան Դավիթաշվիլին եւ հավելեց, որ մասնավոր հատվածում աշխատուժի պահանջարկը բավականին բարձր Է, թեկուզ նույն այդ գյուղատնտեսության բնագավառում, թեպետ հայցորդները շատ դեպքերում հրաժարվում են աշխատել՝ վախենալով կորցնել սոցիալապես անապահովի կարգավիճակն ու պետական նպաստը: — Իսկ նոր ծրագիրը նրանց ապահովագրում է դրանից: Օրինակ, այն քաղաքացիներին, որոնց վարձել են սեզոնային աշխատանքի, սեզոնի ավարտից պետությունը կշարունակի սոցօգնություն վճարել: Նախաձեռնությունը օրենսդրական մակարդակով կձեւակերպվի հաջորդ տարվա սկզբին,- նշեց փոխվարչապետը եւ հավելեց, որ ծրագրի Էությունը ոչ թե բյուջետային ծախսերի խնայողությունն Է, որոնք ծախսվում են սոցիալական օգնության վրա, այլ դրանց ավելի ճիշտ օգտագործումը: Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով քաղաքացիների մասնագիտական նախապատրաստման եւ աշխատանքի տեղավորման վերաբերյալ բարեփոխման մասին ազդարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետի խոսքով, այսօրվա դրությամբ Վրաստանում ավելի քան 600 հազար քաղաքացի սոցիալապես անապահով է: Ցավոք, այստեղից շուրջ 200 հազարը՝ աշխատունակ, բայց չի աշխատում՝ վախենալով կորցնել պե- տական նպաստը:
Զուրաբ Աբաշիձե. Վրացական կողմը չի քննարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հարցը
Նոյեմբերի 24-ին վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի առցանց ձեւաչափով հանդիպումը ՌԴ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ։Հանդիպմանը ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերվում տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմին եւ այս համատեքստում նախատեսված միջոցառումներին, ինչին ի պատասխան Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ վրացական կողմը չի քննարկում «3+3» ձեւաչափին մասնակցելու հարցը։ Հիշեցնենք, որ «3+3» ձեւաչափը ենթադրում է Կովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցություն, որտեղ միավորված են Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Հարկ է նշել, որ Վրաստանը ձեւաչափի մասին քննարկումների մեկնարկից ի վեր դեմ է արտահայտվում որեւէ ձեւով ներգրավվածության հարցին, շեշտելով վրաց-ռուսական հարաբերություններն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը:
Հիսուն տարի անց կրկին՝ «Ծառերը կանգնած են մահանում»
Նոյեմբերի 23-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Նոդար Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրեց հայտնի իսպանացի դրամատուրգ Ալեխանդրո Կասոնայի (1903-1965) «Ծառերը կանգնած են մահանում» պիեսը:

Ըստ թատերագետների, այս պիեսը 20- րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային թատերգության բարդագույն ստեղծագործություններից է: Եվ չնայած, որ ներկայացվել է աշխարհի թատրոնների շատ բեմերում, շարունակում է արդիական մնալ՝ պահանջելով թե’ ռեժիսորական մեծ արվեստ, թե’ դերասանական բարձր վարպետություն: Պիեսն արծարծում է մարդկային հոգիներում տեղի ունեցող հոգեբանական բարդ խմորումները, չարի եւ բարու պայքարը… Ադամյանական բեմում «Ծառերը կանգնած են մահանում» պիեսն առաջին անգամ բեմադրել է գրեթե կես դար առաջ՝ 1972 թվականին, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը 1940-2020, ուր վերջինս հանդես է եկել նաեւ Մաուրիսիոյի դերում: Գովելի է, որ այժմ ներկայացումը կրկին վերաբեմադրեց թատրոնի երիտասարդ բեմադրիչ, 42-ամյա Գագիկ Մելքումյանը: Իրականում երեք գործողությունից բաղկացած եւ հետեւաբար մոտ 3,5 ժամ տեւող ներկայացումը բեմադրիչը փորձել է սեղմել՝ մատուցելով առավել կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 1 գործողությամբ: Ներկայացման մեջ ընդգրկված են ադամյանցիների ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ էլեոնորա Օհանյանը (Տատիկի դերակատար) եւ Ֆելիքս Խաչատրյանը (Բալբուա), այնպես էլ երիտասարդ դերասաններ Մարիաննա Սահակյանը ¥Մարթա¤, Հենրիխ Պետրոսյանը Ֆերնանդո-Մաուրիսիո Հայկուհի Շահբազյանը ¥Հենովեւա¤: Փոքրիկ Մաուրիսիոյի դերում հանդես եկավ Թբիլիսիի թիվ 104 դպրոցի երկրորդ դասարանի սան Յանա Մելքումյանը, Գագիկ Մելքումյանի դուստրը: Բեմադրության նկարչական ձեւավորումը Աննա Սոփրոմաձեինն է, նկարիչկատարողը՝ Ալեքսանդր Ցվետկովը, երաժշտական ձեւավորումը՝ Քրիստինե Էլոյանը, իսկ պարերը դրվել են Նինա Կերվալիշվիլու կողմից: Նշենք, որ Ա.Կասոնան պիեսը գրել է 1949 թվականին եւ նույն թվականին էլ առաջին անգամ բեմադրվել է Բուենոս Այրեսի դրամատիկական թատրոնում: 1957 թվականին պիեսը բեմադրել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը 1937-2018, որտեղ Տատիկի դերում իր անզուգական խաղով հանդես է եկել Թբիլիսիում ծնված մեր հայրենակցուհի ու հայ թատրոնի հռչակավոր դերասանուհի Օլգա Գուլազյանը (1885-1970): Ինչպես պատմում են ականատեսները, վրաց հանճարեղ դերասանուհի Վերիկո Անջափարիձեն 1897-1987, լինելով Երեւանում եւ տպավորված Գուլազյանի խաղով, ցանկություն է հայտնել հանդես գալ նույն դերում: Մեկ տարի անց, Թբիլիսիի Կ.Մարջանիշվիլու անվան թատրոնի բեմին հանդիսատեսը վայելեց լեգենդար դերասանուհու փայլուն խաղը Տատիկի դերում: Մեր ընթերցողին հիշեցնենք, որ վիրահայոց բեմում անցած դարի 70-ական թվականներին պիեսում խաղում էին այնպիսի հզորներ, ինչպիսիք էին Վրաստանի ժողովրդական եւ Հայաստանի վաստակավոր արտիստներ Էմմա Ստեփանյանն (1915-1989) ու Դորի Ամիրբեկյանը (1905- 1983): Այդ ներկայացման մեջ զբաղված էին նաեւ Վրաստանի ժողովրդական արտիստներ Սերիկ Շեկոյանն (1924-2015) ու Սոս Սոսյանը (1928-2008):
Ախալքալաքիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ
Ինչպես արդեն հաղորդել ենք, հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Մելքոն Մակարյանն ընտրողների ձայների նշանակալի գերազանցությամբ՝ 82 տոկոսով, ընտրվեց Ախալքալաքիի քաղաքապետ: Նոր քաղաքապետն իր պարտավորությունների կատարմանը ձեռնամուխ եղավ հոկտեմբերի 29-ին: Օրերս Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում հաստատվեցին քաղաքապետի տեղակալների թեկնածությունները: Ախալքալաքիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել մասնագիտությամբ ճարտարապետ- դիզայներ, ճարտարապետ-վերականգնող, ծնունդով թբիլիսցի, 49-ամյա Թեյմուրազ Մճեդլիձեն: 1997-2004 թվականներին աշխատել է Սամցխե-Ջավախեթիի երկրամասի վեահսկիչ մարմիններում: Իսկ մինչ նոր նշանակումը, նա զբաղեցնում էր Ախալքալաքիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկման ծառայության պետի պաշտոնը: Սակրեբուլոն հավանություն տվեց Մկրտիչ Մղդեսյա- նին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակման առաջա- րկությանը: Չելյաբինսկի ագրոինժեներական համալսարանի եւ Երեւանի Մ.Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, 54-ամյա Մկրտիչ Մղդեսյանը մինչ այդ զբաղեցնում էր Ախալքալաքիի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավարի պաշտոնը: Սակրեբուլոն քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հաստատեց Վլադիմիր Յայլոյանի թեկնածությունը: Նա մինչ այդ հանդիսանում էր Ախալքալաքիի քաղաքապետարանի տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետը:

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ
Հոկտեմբերի սկզբներին տեղական ինքնակառավարման ընտրություններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ղեկավարի համար պայքարում երկրորդ անգամ ընտրողների բացարձակ մեծամասնության 82,53 տոկոս աջակցությամբ Անի Մոսոյանի ընտրությունը տեղական իշխանության նկատմամբ տեղական բնակչության վստահության ակնհայտ դրսեւորում էր: Եվ ահա նորից այդ պատասխանատու պաշտոնում ընտրված քաղաքապետը ձեւավորեց իր թիմը, որի օգնությամբ նա մտադիր է իրականացնել բոլոր այն խոստումները, որոնք նախընտրական ծրագրի շրջանակներում խոստացել է նինոծմինդացիներին: Ստանալով Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պաշտպանությունը, մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Միքելաձեն, ով մինչ այդ, 2009 թվականից որպես փոխքաղաքապետ, աշխատում էր Նինոծմինդայի քաղաքապետարանում: Մունիցիպալիտետի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվեց Արմեն Բդոյանը, ով երկար տարիներ Սամցխե- Ջավախեթիի տարածաշրջանի, մասնավորապես, Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի ոստիկանության դեպարտամենտում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում: Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար վերանշանակվեց Սամսոն Փնջոյանը:
Ընթացիկ և ապագա ծրագրերի քննարկումը Սամցխե-Ջավախեթիի երկրամասային վարչությունում
Նոյեմբերի 23-ին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական լիազոր-նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին աշխատանքային հանդիպում անցկացրեց տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետեր Մելքոն Մակարյանն ու Անի Մոսոյանը:
Հանդիպմանը քննարկվեցին ընթացիկ ենթակառուցվածքային նախագծեր, դրանց իրականացումը, համավարակի կառավարումը, տարածաշրջանում պատվաստումը խրախուսող արշավների կազմակերպումը, բնակչության իրազեկումը, ինչպես նաեւ մունիցիպալիտետների մասնակցությունը թվարկված ծրագրերում, ինչն է’լ ավելի իրատեսական եւ հրատապ կդարձնի ծրագրված ենթակառույցային նախագծերը: Քննարկվեցին նաեւ մունիցիպալային բյուջեների հաջորդ՝ 2022 թվականի պլանավորման հիմնական ուղղությունները։ Առանձնակի նշվեց բյուջեում առողջապահության եւ սոցիալական ոլորտների ծախսերի ստույգ հաշվարկման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին փոխնահանգապետ Շալվա Բերձենիշվիլին, տարածաշրջանային նախագծերը համակարգող ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն, պետլիազորի վարչության ղեկավար Գիորգի Միքելաձեն, Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների քաղաքապետերն ու նրանց տեղակալները: