Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից, այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Գամկղրելիձեն ասել է, որ զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից.
«Զբոսաշրջության դեպարտամենտն աշխատում է այս ուղղությամբ: Նվազագույն ռիսկերով երկրների հետ երկկողմ համաձայնագրեր են ստորագրվելու: Նաև որոշ ընթացակարգեր են մշակվում՝ ինչ թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ: Շատ երկրներ արդեն ունեն այդ կանոնները, օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք բուժման նպատակով  Թուրքիա են մեկնում, «PCR» թեստ են անցնում՝ սահմանը հատելուց ոչ շուտ քան 48 ժամ առաջ: Բացի սա, Վրաստանի սահմանը հատած զբոսաշրջիկների հետ արդեն տեղում որոշակի հսկողություն է տարվելու», – ասել է Գամկղրելիձեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը հնարավոր է «անվտանգ միջանցք բացի»՝ Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 210-ով՝ ընդհանուր հասնելով 9492-ի: Վարակվածների թվում նաև երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա ընտանիքի անդամները:

Զուրաբիշվիլին Փաշինյանին շուտափույթ ապաքինում է մաղթել