Վրաստանը՝ ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ երկրների հետ, դատապարտել է ՌԴ–ի ագրեսիան

ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ երկրներ, դրանց թվում՝ Վրաստանը, դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան։ Տեղեկությունը տեղադրված է ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչության թվիթերյան էջում։

Հայտարարության տեքստը հրապարակել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան:

Փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների լիակատար անտեսումը և անհապաղ, առանց որևէ նախապայմանի, դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից։ Հայտարարությունը ստորագրողներն աներկբա պաշտպանել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Փաստաթուղթը ստորագրողների թվում են նաև ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մոլդովան, Կանադան և Նոր Զելանդիան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված ուկրաինական վեցամսյա պատերազմին։