Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «ռուսական օրենքի» դեմ Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիային։

Նախագահը X սոցիալական ցանցում նկարագրելով Ռուսթավելի պողոտայում տիրող լարված իրավիճակը՝ խաղաղ բողոքի ցույցը և  մյուս կողմում պատ կազմած հատուկջոկատայինների առկայությանը, գրել է․ «Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում»։

«Քաղաքացիական հասարակության զանգվածային, խաղաղ ցույցերը «ռուսական օրենքի» դեմ Թբիլիսիում․ «Հատուկ ջոկատայինները» ջրցաններով պատրաստ են գործելու եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիների դեմ: Ձերբակալությունները շարունակվում են: Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում», — գրում է նախագահը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»։