Վրաստանը՝ ԵՄ-ի «գովքի կիզակետում»

Եվրահանձնաժողովն ու Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հրապարակել են ամենամյա հաշվետվություն՝ 2020թ․ Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացված պարտավորությունների մասին, որտեղ ընդգծված են ճգնաժամային իրավիճակում Վրաստանի կողմից իրականացրած բարեփոխումները:

Փաստաթղթում մասնավորապես նշված է, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, Վրաստանն առանց տատանվելու շարունակել է ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ մոտենալ ԵՄ օրենսդրությանն ու Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին:

ԵՄ-ն ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, գնահատել է կառավարության նախաձեռնած ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել աշնանը կայացած ընտրություններին, բարձր գնահատել ընտրական համակարգում արված փոփոխությունները: Ընտրությունների ընթացքում, ըստ փաստաթղթի, պաշտպանված են եղել մարդու հիմնարար ազատությունները, հիմնական կանոնակարգերը:

Հաշվետվության մեջ նշվում է նաև պանդեմիայի հաղթահարման Վրաստանի ձեռնարկած քայլերը: Ըստ փաստաթղթի, չնայած տնտեսական բարդ վիճակին, Վրաստանը կարողացել է պահպանել դիրքերը միջազգային վարկանիշային ցուցակներում, այդ թվում՝  Համաշխարհային բանկի համաձայն, բիզնես միջավայրի տեսանկյունից Վրաստանը 190 երկրից 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ բիզնես սկսելու հարցում՝ աշխարհում երկրորդ հորիզոնականում է:

Փաստաթղթի հետ մեկտեղ, նախօրեին՝ փետրվարի 9-ին պարզ է դարձել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը մարտին կայցելի Վրաստան և Ուկրաինա, աջակցություն կհայտնի երկրների տարածքային ամբողջականությանն ու կքննարկի ընթացող բարեփոխումները:

Նախօրեին հայտարարությամբ հանդես է եկել նաև Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ նշելով, որ ԵՄ-ն կշարունակի Վրաստանին աջակցել և օգնել՝ տնտեսական կայունությունը վերականգնելու նպատակով:

Եվրամիությունը, պանդեմիայի սկզբից, Վրաստանին միայն նախորդ տարվա ընթացքում աջակցել է 183 մլն եվրոյի չափով՝ դրամաշնորհների տեսքով: Նաև, 150 մլն եվրոյի չափով միկրոֆինանսական օգնություն է ցուցաբերել: