Վրաստանի արտգործնախարարը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղարին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին նամակով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Նրա խոսքով` անհասկանալի և անընդունելի է դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը։

«Ուզում եմ հիշեցնել, թե «Վրացական երազանքը» ինչպիսի անարդար դատական ​​համակարգի բախվեց 2012 թվականին՝ իշխանության գալով։ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո բանտերում բանտարկյալների թիվը նվազել է 2,5 անգամ, իսկ բանտարկյալների մահացությունը՝ 10 անգամ։

Նախորդ իշխանության և նրա դատական ​​համակարգի պայմաններում վրաց ժողովուրդը չկարողացավ արդարություն գտնել Վրաստանում և ստիպված էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2004-2012 թվականներին Ստրասբուրգի դատարան է ներկայացվել Վրաստանի քաղաքացիների 5416 բողոք։ Համեմատության համար նշենք, որ 2013-2022 թվականներին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 1132», — նշված է հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարը ընդգծել է, որ միաժամանակ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Վենետիկի հանձնաժողովի հետ՝ դատարանի անկախությունն ու թափանցիկությունն էլ ավելի ամրապնդելու և օրենսդրությունն էլ ավելի լիարժեք դարձնելու համար։

«Հաշվի առնելով այս իրողությունը՝ դատավորների նկատմամբ պատժամիջոց կիրառելու ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը, որը հրապարակվել է առանց որևէ ապացույց ներկայացնելու, միանգամայն անհասկանալի և անընդունելի է», — եզրափակել է Դարչիաշվիլին իր նամակում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել վրացի 4 դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառել՝ համաձայն մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։