«Վրաստանի բանկի» վրա հարձակված Էսեբուային ուղարկել են հոգեբուժական փորձաքննության

«Վրաստանի բանկի» (Bank of Georgia) Զուգդիդիի մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակման մեջ մեղադրվող Բադրի Էսեբուան տեղափոխվել է հոգեբուժական փորձաքննության։

Էսեբուայի փաստաբան Իոսեբ Ջանաշիան RadioTavisupleba-ին ասել է, որ իր պաշտպանյալը փորձաքննության կենթարկվի Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոյում։

«Ինչպես ինձ հայտնի դարձավ, Բադրի Էսեբուային հոգեբուժական փորձաքննության են տարել ապրիլի 18-ին։ Դեռ հայտնի չէ, թե նա որքան ժամանակ կմնա այնտեղ։ Դա կորոշի փորձագետը։ Առավելագույն ժամկետը 20 օր է։ Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե երբ կվերսկսվեն նիստերը»,- ասել է Ջանաշիան։

Ի դեպ, Զուգդիդիի շրջանային դատարանը փետրվարի 22-ին կայացած նիստում բավարարել է Էսեբուայի նկատմամբ հոգեբուժական-ստացիոնար փորձաքննություն անցկացնելու դատախազության միջնորդությունը։

Այս ընթացակարգի անհրաժեշտությունը մեղադրող կողմը բացատրել է «գործի յուրահատկությամբ»։ Ըստ դատախազների՝ խոսքը ծանր հանցագործության՝ մարդկանց պատանդ վերցնելու մասին է, դրա համար էլ գործով պետք է լինի համապատասխան եզրակացություն։ Պաշտպանական կողմը չի համաձայնել միջնորդությանը։ Փաստաբան Ջանաշիան ասել է, որ դատախազի միջնորդությունն անհիմն է և ծառայում է միայն «բանտարկյալին վարկաբեկելուն», քանի որ ոչ բժշկական փաստաթղթերը, ոչ էլ վկաների ցուցմունքները հիմք չեն տալիս կասկածելու ամբաստանյալի հոգեվիճակին։ Անկախ փաստաբանների դիրքորոշումից՝ դատավորն ընդունել է դատախազության այս միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Զուգդիդիի շրջանային դատարանում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա ավազակային հարձակման գործով կողմերը գտնվում են դատախազության ներկայացրած ապացույցների հետազոտման փուլում։ Գործով հարցաքննվել են տասնյակ վկաներ։ Հետազոտվել է նաև իրեղեն ապացույցների մի մասը։

Երկու տարվա հետախուզումներից հետո ներքին գործերի նախարարությունը փետրվարի 8-ին հաստատել է Էսեբուայի ձերբակալությունը։ Նա ձերբակալվել է Զուգդիդիի Ջիխաշքար գյուղում գտնվող ազգականի տանը։ Էսեբուան կալանավորված է ահաբեկչական գործողության, ահաբեկչական նպատակով պատանդ վերցնելու, հրազենի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի գնում-պահում-կրելու մեղադրանքով։

2020 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում զինված տղամարդը ներխուժել էր Զուգդիդիում գտնվող «Վրաստանի բանկ», պատանդ վերցրել 43 մարդու, բանակցությունների արդյունքում ստանալով կես միլիոն դոլար, հեռացել էր անհայտ ուղղությամբ։