Վրաստանի դատական ​​համակարգն օրինակելի է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի դատական ​​համակարգն օրինակելի է, և ինքը հպարտանում է դատական համակարգով ու դատավորներով: Այս գնահատականը նա տվել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Ղարիբաշվիլիի հավաստմամբ` ինքնիշխան դատարանի նկատմամբ ցանկացած միջամտություն՝ լինի ներքին, թե օտարերկրյա, անթույլատրելի է:

«Ես հպարտ եմ մեր դատարանով, հպարտ եմ բոլոր դատավորներով, նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և ծառայում են մեր երկրին, ծառայում են մեր երկրի հզորացմանը, մեր ինքնիշխանության պաշտպանությանն ու ազգային քաղաքականությանը։

Մենք՝ որպես կառավարություն, և ես՝ որպես վարչապետ, կանենք ամեն ինչ՝ ձեր անկախությունը, ձեր ազատությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Մենք առավելագույնս կաջակցենք ձեր նախաձեռնություններին, նոր ծրագրերին։ Այսօր մենք ունենք կոռուպցիայից, ցանկացած միջամտությունից, ճնշումից զերծ դատարան. սա, իհարկե, մեր թիմի՝ Նինո Քադագիձեի (Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ- խմբ.) և դատավորների արժանիքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ի դեպ, սա վարչապետի առաջին հրապարակային հանդիպումն է դատավորների հետ այն բանից հետո, երբ նրանցից մի քանիսը ենթարկվեցին ԱՄՆ պատժամիջոցներին: Վրաստանի վարչապետն օրինակելի է անվանել պատժամիջոցի ենթարկված դատավորներին.

«Ես ճանաչում եմ այս բոլոր դատավորներին, որոնց նկատմամբ կիրառվել է այդ որոշումը, և բոլորը գիտեն, որ նրանք բարձր որակավորում ունեցող, պրոֆեսիոնալ դատավորներ են և գիտակցաբար ծառայում են մեր երկրի անկախությանն ու հզորացմանը»,- հավելել է վարչապետը:

Հիշեցնենք. ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։

ԱՄՆ-ի պատժամիջոցները Վրաստանի կառավարության վնասաբեր քաղաքականության հետևա՞նք. կարծիքներ