Վրաստանի հայ համայնքը երեխաների տոնը նշեց թուրքերի պարտության դաշտում (տեսանյութ/լուսանկարներ)

Երեխաների միջազգային օրը «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, վիրահայ համայնքի ներկայացուցիչները՝ «Հայարտուն» կենտրոնի անդամներ, պարային համույթներ, հասարակական գործիչներ տոնեցին Դիդգորիի դաշտում:

Այս դաշտում 1121 թվականին Դավիթ Աղմաշենեբելի արքան վրացական համատեղ զորքերով հաղթանակ է տարել թուրք-սելջուկների նկատմամբ՝ փրկելով Թբիլիսին: Հարկ է նշել, որ Դիդգորիի ճակատամարտը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին:

«Ալիք մեդիան» զրուցեց կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե ինչու է համերգ և տոնախմբություն անցկացնելու համար ընտրվել հենց այս վայրն ու հենց հունիսի 1-ը: Վերջինս նշեց, որ վայրը խորհրդանշական է՝ սա հաղթանակի դաշտավայր է, որտեղ վրացիների հետ միասին հաղթանակ են տարել նաև հայերը:

«Մենք նշում ենք մանուկների պաշտպանության օրը, մայիսյան հաղթանակները, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունների հաղթանակի ձեռքբերման տոները միասին: Տարածքն էլ խորհրդանշորեն ենք ընտրել, քանի որ սա հաղթանակի վայր է»,- ասաց Մկրտչյանը:

Մեզ հետ զրույցում միջոցառման մի խումբ մասնակիցներ էլ հայտարարեցին, որ կայացված որոշումը նաև այլ բացատրություն ունի. սա ինքնատիպ պատասխան է Թուրքիայի իշխանությանը՝ ապրիլի 24-ի ավանդական ակցիայի օրը Թուրքիայի դեսպանատան տարածքում վիրահայերի ակցիային զուգահեռ մանուկների տոնը նշելու համար:

«Այսպես մենք էլ երեխաների միջազգային օրն ենք նշում այն վայրում, որտեղ թուրք-սելջուկները ջախջախվել են»,- նշեցին նրանք:

Սա առաջին դեպքը չէ, երբ «Վրաստանի հայ համայնք»-ի նախաձեռնությամբ համերգ է կազմակերպվում Դիդգորիի դաշտում: Առաջին համերգը կայացել է 2017 թվականին, դա եղել է թվով երկրորդ «Եռատոն» փառատոնը: Այդ անգամ Դիդգորիում մայիսյան հաղթանակները տոնելու դրդապատճառը բացատրվել էր Շուշիի ազատագրման և Դիդգորիի ճակատամարտերի միջև զուգահեռներ տանելով:

Բարձրանալով Դիդգորիի հերոսների հուշարձան, մասնակցող պարային համույթների անդամները դհոլի ու դուդուկի կենդանի կատարման ներքո միասնական շուրջպար բռնեցին: Այնուհետև տոնախմբությունը շարունակվեց հարակից տարածքում:

Հատկանշական է, որ մասնակիցների փոխադրման միջոց ընտրվել էին թուրքական ավտոբուսներ, որոնց վարորդներն էլ ազգությամբ ադրբեջանցիներ էին: Մեր հարցին, թե ինչպես են վերաբերվում միջոցառմանը, նրանք պատասխանեցին, որ տեղյակ չեն դրա բովանդակությունից, իսկ երբ ծանոթացան հաղթանակ տոնելու փաստին, ասացին.

«Եթե հաղթել են, միայն ուրախ ենք նրանց համար»: