Վրաստանի քաղաքացիները ավելի քան 1,5 միլիոն այց են կատարել ԵՄ

Այսօր լրանում է Վրաստանի՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի 5 տարին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ վիզայի ազատականացման մեկնարկից ի վեր հինգ տարվա ընթացքում Վրաստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի մեկուկես միլիոնից ավել այց է կատարել դեպի եվրոպական երկրներ:

«Այսօր ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման հինգերորդ տարեդարձն է, ուստի շնորհավորում եմ բոլորին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Մենք՝ ողջ կառավարությունը, շատ քրտնաջան աշխատանք ենք տարել դրա համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս արդյունքին հասնելու գործում»,- կառավարության նիստում ընդգծել է Ղարիբաշվիլին։

Նշենք, որ 2017 թվականի մարտի 8-ին Եվրամիությունը հրապարակել է ԵՄ Խորհրդի N539/2001 կանոնակարգի փոփոխությունը, ըստ որի Վրաստանը տեղափոխվել է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների ցանկ։

2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր, կարող են առանց վիզայի մեկնել ԵՄ/Շենգենի անդամ երկրներ։