Վրաստանի նախագահը մոլորության մեջ է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղխորհրդի նիստից հետո՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Ուկիաինայում սանձազերծած պատերազմի ֆոնին կառավարության կողմից նախագահի՝ Եվրոպա այցերը չեղարկելու մասին հարցին՝ ասել է, թե «Վրաստանի նախագահը մոլորության մեջ է»։ 

«Ես ցանկանում եմ ենթադրել, որ նա պարզապես մոլորության մեջ է, և հուսով եմ նաև, որ ամեն ինչ շատ շուտով կպարզվի»,- ասել է Ղարիբաշվիլին։ 

Հարցին, թե ինչու կառավարությունը հավանություն չի տվել նախագահի այցերին եվրոպական երկրներ, Ղարիբաշվիլին հիշեցրել է Վրաստանի Սահմանադրությամբ կառավարությանը տրված լիազորությունները, ըստ որի՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է տեղում լինի՝ պատերազմների ժամանակ. 

«Երբ տարածաշրջանը նման բարդ իրավիճակում է հայտնվել, Վրաստանի նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պետք է լինի երկրում։ Սա մեր հիմնական փաստարկն ու դրդապատճառն էր՝ հրաժարվելու նրա այցից։ Հավելեմ, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականությունը որոշում է Վրաստանի խորհրդարանը և իրականացնում է Վրաստանի կառավարությունը։ Ուստի, ցանկացած հանդիպում պետք է համաձայնեցվի Վրաստանի կառավարության հետ»։ 

Նշենք՝ Վրաստանի կառավարությունը մտադիր է նախագահի հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Որոշումն ընդունել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը։