Վրաստանի պաշտոնաթող ղեկավարները հնարավոր է պետական պահպանությունից օգտվեն միայն մեկ տարի

«Եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պետական պահպանություն տրամադրելու անհրաժեշտություն չկա, ապա մենք թիկնապահներին կփոխարինենք հավանաբար տրանսպորտով և վարորդով»,-խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության  ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն:

Հանձնաժողովում խորհրդարանականների դատին ներկայացնելով հարցով նոր օրենսդրական նախաձեռնությունը, նա ասել է, որ երկրի նախագահի, խորհրդարանի ղեկավարի և վարչապետի լիազորությունների ավարտին, պետական անվտանգությունը կպահպանվի միայն մեկ տարի։ Դրանից հետո կառավարությունը որոշում կկայացնի` շարունակել նրանց պաշտպանությունը, թե՝ ոչ:

«Մեկ տարին մեզ ռիսկերի գնահատման հնարավորություն կտա, որից հետո որոշում կկայացվի: Չեմ կարծում, որ պետական պահպանության առկայությունը որևէ մեկի համար հարմարավետ լինի: Ավելի նպատակահարմար է այս անձանց տրանսպորտով ապահովել: Այսպիսին է նաև եվրոպական փորձը»,-ասել է Չուբինիձեն: