Վրաստանում հարբած վիճակում մեքենա վարելու դեպքում վարչական միջոցները կխստացվեն

Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխությունները, որոնք նախատեսում են վարչական միջոցների խստացում` հարբած վիճակում մեքենա վարելու դեպքում:

Օրինագծի համաձայն՝ հարբած վիճակում մեքենա վարելը կհանգեցնի վարորդական իրավունքի մեկ տարվա կասեցման, իսկ վարորդը կտուգանվի 300 լարիով՝ ալկոհոլային հարբածության թեստ հանձնելուց հրաժարվելու դեպքում:

Վարորդական իրավունքի դադարեցված լինելու ժամանակահատվածում հարբած վիճակում մեքենա վարելը կհանգեցնի 2000 լարի տուգանքի, վարչական կալանքը՝ 5 օրից կավելանա մինչև 15 օր, վարորդական իրավունքի դադարեցումը կավելանա ևս 1 տարով: