Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվը եռապատկվել է

«Վրաստանի կրթության սեկտորը ձևավորվել է որպես տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը. 2019-2025 թվականներին ոլորտի եկամուտները կրկնապատկվել են՝ հասնելով 4,3 միլիարդ լարիի, իսկ դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում 2025 թվականին աճել է մինչև 6,4%՝ 2019 թվականի 4,5%-ի համեմատ», — նշված է «Գալթ ընդ Թագարտ» (Galt & Taggart) ընկերության շուկայի վերլուծության մեջ։

Հետազոտության համաձայն՝ ոլորտն ընդգրկում է չորս հիմնական սեգմենտ՝ հանրակրթություն (2,1 միլիարդ լարի), բարձրագույն կրթություն (1,3 միլիարդ լարի), նախադպրոցական կրթություն (0,7 միլիարդ լարի) և կրթական այլ ծառայություններ (0,2 միլիարդ լարի)։

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում կրթության սեկտորի եկամուտների աճի գլխավոր աղբյուրը եղել են հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, թեև աճ է արձանագրվել նաև այլ ենթաոլորտներում։

Միաժամանակ, հանրակրթության աճը հիմնականում պայմանավորված էր պետական ֆինանսավորմամբ, իսկ բարձրագույն կրթության աճը խթանում էին մասնավոր ծախսերը, հատկապես՝ օտարերկրյա ուսանողների։

«Հանրակրթության սեկտորի եկամուտը 2019-2025 թվականներին տարեկան միջինը աճել է 14,4%-ով և 2025 թվականին կազմել 2,1 միլիարդ լարի։ Հանրակրթության ոլորտի եկամուտների 74,9%-ը (1,6 միլիարդ լարի) բաժին է ընկնում հանրային դպրոցներին։

Մասնավոր դպրոցների եկամուտները 2019-2025 թվականներին կրկնապատկվել են՝ 2025 թվականին հասնելով 526 միլիոն լարիի, ինչին նպաստել է աշակերտների թվի աճը, ուսման վարձի բարձրացումն ու թանկարժեք դպրոցների ընդլայնումը։ Հաշվի առնելով ծնելիության անկման միտումը՝ միջնաժամկետ հեռանկարում մասնավոր դպրոցների եկամուտների աճն ավելի շատ կախված կլինի շուկայի մասնաբաժնի մեծացումից և պահանջարկի նոր աղբյուրներից։

Ոլորտի մարտահրավեր է մնում ուսուցիչների տարիքային կառուցվածքն ու ցածր աշխատավարձի պայմաններում նոր կադրերի ներհոսքի պակասը։ Վերջին տարիներին հանրային դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մասնակիորեն ազդել է նաև մասնավոր դպրոցների վրա, ինչը մեծացրել է դրանց օպերացիոն ծախսերը և բացասաբար անդրադարձել շահութաբերության վրա։ Աճող ծախսերը մարտահրավերներ են ստեղծում հատկապես փոքր և պակաս արդյունավետ օպերատորների մոտ, ինչը սեկտորում խոշորացման պոտենցիալ է ձևավորում»,- կարդում ենք հետազոտության մեջ։

«Օտարերկրյա ուսանողների թիվը 2019-2025 թվականներին եռապատկվել է»

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա այս դեպքում եկամուտները 2019-2025 թվականներին տարեկան միջինը աճել են 11,5%-ով՝ 2025 թվականին հասնելով 1,3 միլիարդ լարիի, ինչը հիմնականում պայմանավորված էր օտարերկրյա ուսանողների ներհոսքով։

Հատկանշական է, որ օտարերկրյա ուսանողների թիվը 2019-2025 թվականներին եռապատկվել է՝ հասնելով 44 հազարի, ինչի արդյունքում նրանց մասնաբաժինը ուսանողների ընդհանուր թվում աճել է մինչև 19,8%։ Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

«Հասանելիության և կյանքի համեմատաբար ցածր ծախսերի ֆոնին Վրաստանը միջազգային ուսանողների ներգրավման տեսանկյունից դարձել է մրցունակ ուղղություն։ Այնուամենայնիվ, սեկտորն ավելի ու ավելի կենտրոնացված է դառնում. օտարերկրյա ուսանողների 53,8%-ը Հնդկաստանից է, որոնց մեծ մասը սովորում է առողջապահության ուղղությամբ»,- նշված է հետազոտության մեջ։