Վրաստանում փախստականի և մարդասիրականի կարգավիճակ ունեցող 1382 մարդ է ապրում

Վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է: Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքերով, Վրաստանում ապրում է փախստականի և մարդասիրականի կարգավիճակ ունեցող 1382 անձ, նրանց մեծ մասը Ռուսաստանից են, Իրաքից, Ուկրաինայից և Սիրիայից:

Այս մասին օմբուդսմանը հայտարարել է փախստականների միջազգային օրվա առթիվ անցկացված կլոր սեղանի ժամանակ:

Ըստ Նինո Լոմջարիայի` Հարավային Կովկասում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի աջակցությամբ 2015 թվականից օմբուդսմանի գրասենյակն ուսումնասիրում է ապաստան հայցողներին և փախստականներին վերաբերվող հարցեր, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն իրականացնում են ընթացակարգերի ինտենսիվ մշտադիտարկում: