Վրաստանում ՌԴ-ի երկու գործակալ է աշխատել

Ռուսաստանի նախկին գործակալները, որոնք հավաքագրվել են FSB-ում (Անվտանգության դաշնային ծառայություն) և աշխատել այդ ծառայության համար, CNN-ին տված հարցազրույցում ասել են, որ ռուսական հատուկ ծառայությունն իրենց որոշակի ժամկետով հատուկ առաքելությամբ ուղարկել է Վրաստան։

25-ամյա Միխայիլ Սոկոլովն այժմ Ամստերդամում է և քաղաքական ապաստան է խնդրում Նիդեռլանդներից։ Ամերիկյան CNN հեռուստաալիքին նա պատմել է 2016 թվականին, թե ինչպես է իրեն հավաքագրել FSB-ն այն ժամանակ, երբ ինքը 19-ամյա ուսանող էր։ Սոկոլովի խոսքով, ուսանողական տարիներին ակտիվ կյանքով է ապրել, հիմնականում տեղական մակարդակում կոռուպցիոն խնդիրներով է հետաքրքրվել, ինչի պատճառով հատուկ ծառայությունների ուշադրությունն է գրավել։

Սոկոլովի խոսքով՝ իրեն կանչել են զինկոմիսարիատ՝ պարտադիր զինվորական ծառայության, որտեղ նրան դիմավորել է FSB աշխատակիցը և երկու ընտրություն առաջարկել՝ կա՛մ երկու տարվա ազատազրկում, կա՛մ համագործակցություն հատուկ ծառայությունների հետ։ Սոկոլովն ասել է, որ ինքը վախեցել է բանտ նստել այնտեղ տիրող դաժան ռեժիմի պատճառով և համաձայնել է համագործակցել։ Նա աշխատանքի է անցել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի գրասենյակում և այնտեղից տեղեկություն է տրամադրել FSB-ին։

Սոկոլովը հիշել է, որ Նավալնիի ձերբակալությունից հետո նրան ուղարկել են Վրաստան՝ շահելու աճող ռուսական սփյուռքի վստահությունն այն ռուս ընդդիմադիրների միջավայրում, որոնք փախել են Ռուսաստանից՝ վախենալով բռնաճնշումներից։

CNN-ը նշել է նաև FSB-ի մեկ այլ գործակալ Վսեվոլոդ Օսիպովի մասին, որը Ռուսաստանում ընդդիմության հետապնդումներից հետո նույնպես ուղարկվել է Վրաստան՝ այնտեղ ընդդիմադիրներին հսկելու հանձնարարականով։

Օսիպովն ասել է, որ իրեն Վրաստան են ուղարկել՝ հանձնարարելով լրտեսել Թբիլիսիում երկու ընդդիմադիրի՝ Յարոսլավ Կոնուեյին (LPR) և Անտոն Միխալչուկին (Free Russia Foundation): Սակայն, Օսիպովի խոսքով, ինքը երկուսին էլ անձամբ հանդիպել է ու զգուշացրել: