Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել

14-ամյա Միհրան Միրիջանյանը, ով Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին ընտանիքի հետ տուժել էր վրաերթից, գիտակցության է եկել:

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Միհրանը հայկական Շտապ օգնության մեքենայով, հայ բժիշկների հսկողությամբ Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն: ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը հայտնում է, որ հանվել է արհեստական շնչառության սարքը, երեխան ինքնուրույն է սկսել շնչել: Վիճակն ավելի կայունանալու դեպքում առաջիկա օրերին կքննարկվի նրան վիրահատելու հարցը: Կյանքին սպառնացող վտանգը փոքրանում է:

Նույն վթարից տուժած մյուս երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք՝ 12-ամյա տղան համեմատաբար թեթև վնասվածքներ էր ստացել ու բուժվում էր Գորիի բժշկական կենտրոնում, որից հետո Երևանի «Սուրբ Աստվածամայր» էր տեղափոխվել.

«Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արնազեղում, քթի ոսկրի կոտրվածք: Ձախ թոքի սալջարդ, այժմ երեխան լիարժեք առողջ դուրս է գրվել»,-  Ալիք մեդիային հայտնեց  Գեւորգ Դերձյանը:

Խոսքը հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարի մասին է: Հայ ընտանիքը Սև ծով էր մեկնում հանգստի: Գորիի մոտակայքում լուսադեմին վարորդը՝ Արթուր Միրիջանյանը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին, ամենայն հավանականությամբ նա քնել էր ղեկին: Վթարի հետևանքով 3 հոգի՝ մեկ կին ու երկու երեխա տեղում մահացել էին, վարորդն ու ևս 4 ուղևորները տեղափոխվել էին Թբիլիսիի ու Գորիի բժշկական կենտրոններ: Վարորդը, ում վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, հուլիսի 9-ին ուղղաթիռով Հայաստան էր տեղափոխվել:

Լուսանկարները՝ Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից