«Գախարիայի ստերը»․ Թբիլիսիում ցույցերը շարունակվում են

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները նորից պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Այսօր ցույցերի արդեն 23-րդ օրն է։

«Երեկ Առաջին ալիքի «Ռեակցիայի» ուղիղ հեռարձակումով ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան շատ ստեր է ասել «Գավրիլովի գիշերվա» մասին:

Նա խոստովանեց, որ հանրահավաքը ցրելու հրամանն ինքն է տվել, սակայն, փորձում է ստեր սերմանել և այլ հարցերի վերաբերյալ փաստեր խեղաթյուրել:

Բողոքի 23-րդ օրը խոսելու ենք Գախարիայի ստեր մասին», — հայտարարել են ցույցի կազմակերպիչները։

Ցուցարարների խոսքով, այսուհետ սկսելու են շրջել այն վայրերով, որտեղ կառավարության անդամները ելույթ են ունենալու: Նրանց կարծիքով սուլոցներով ու «Ամոթ է» վանկարկումներով ի վերջո իրենց պահանջ կբավարարվի և Գախարիան հրաժարական կտա:

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն ավելի քան 20 օր պահանջում են նախարարի հրաժարականը: