«Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը՝ Ղարիբաշվիլի-Գրիգորյան հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները և հետագա համագործակցության ոլորտները։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Վրաստան կատարած այցի համար և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շեշտել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը` խթանելու երկրների տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլ ոլորտներ: Հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր վարչապետի «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը որպես երկխոսության կարևոր հարթակ։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ տարին առանձնահատուկ է Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանը և Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին։