Խոժոռնի գյուղի գազաֆիկացման հարցը. չիրականացված խոստում

Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղի գազաֆիկացման հարցը դեռևս լուծված չէ և մեծ խնդիր է առաջացնում գյուղացիների համար։

2022 թվականի դեկտեմբերին սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավոր Արսեն Հախվերդյանը, ում պատասխանատվության տակ է գտնվում Խոժոռնի գյուղը, «Ալիք Մեդիային» տված հարցազրույցում ասել էր, որ գյուղում գազաֆիկացումը տեղի կունենա 6 ամսից։ Ցավոք, խոստումը մինչև օրս չի իրականացվել։

Նշենք, որ Խոժոռնի գյուղում, ինչպես նաև հարևան հայաբնակ գյուղերում (Գյուլիբաղ, Աղքյորփի, Չանախչի, բացառությամբ Ծոփ գյուղի) երբեք գազաֆիկացում չի եղել։ Տեղաբնակներ գազի փոքր բալոններ են օգտագործում, դրանք լցնում գազալցակայաններում կամ գյուղ մտնող գազի մեքենաներից՝ ժամանակավոր օգտագործելու։ 

Այժմ բնակիչները հիմնականում տները տաքացնում են վառելափայտով, որի հետ կապված մեծ խնդիրներ ունեն, քանի որ անտառի մեծ մասը, որտեղից գյուղացիները վառելափայտ են բերում, գտնվում է սահմանի եզրին։ 

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում լուծվել է ճանապարհի, ինչպես նաև ջրատարի և ասֆալտի խնդիրը, իսկ գազաֆիկացումը մնում է չլուծված։ 

Գյուղացիների խոսքով` ժամանակ առ ժամանակ այդ հարցը քննարկվում է, բայց վերջնական որոշում այդպես էլ կայացվել։ 

«Ալիք Մեդիան» կապ հաստատեց Հախվերդյանի հետ` գազաֆիկացման խնդրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։

«Գազաֆիկացման հարցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, բայց ես լրջորեն հետամուտ եմ այս խնդրի լուծմամբ: Մենք ակնկալում ենք, որ եկող (2024) տարվա ընթացքում այն լուծում կստանա: Արդեն կան Գյուլիբաղ և Խոժոռնի գյուղերի գծապատկերները: Մառնեուլիի շրջանում ութ գյուղ է, որ գազաֆիկացում չունի, ութն էլ իմ վերահսկողության տակ են: Եկող տարվա ընթացքում նախատեսում ենք ավարտել դրանցից երկուսը` Գյուլիբաղն ու Խոժոռնին»,–ընդգծեց Հախվերդյանը։

Պատգամավորի հետ զրույցը հաստատում է, որ խոստումից ավելի քան մեկ տարի է անցել, բայց գյուղը դեռևս գազաֆիկացված չէ, չնայած, որ խոստումը պետք է կատարվեր հեռարձակումից վեց ամիս անց։ 

Ճիշտ է, խոստումն այս փուլում չի կատարվել, սակայն, սակրեբուլոյի պատգամավորի խոսքով, նախապատրաստական ​​կարևոր աշխատանք է կատարվել, և «խնդիրը իսկապես կլուծվի մինչև 2024 թվականի վերջ»։ «Ալիք-Մեդիան», անշուշտ, կշարունակի աշխատել խնդրի շուրջ և մինչև տարեվերջ ընթերցողներին հարցի շուրջ կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։