ԵՄ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել ռուսամետ օլիգարխների նկատմամբ. Politico

Եվրոպական մի քանի արտգործնախարարներ կոչ են արել Եվրամիությանը` պատժամիջոցներ սահմանել Մոլդովայում և Վրաստանում ապակայունացման ջանքեր գործադրող օլիգարխների դեմ ռուսական միջամտության աճող սպառնալիքների ֆոնին, գրում է ամերիկյան Politico-ն։

Ըստ Politico-ի՝ մարտի 20-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան ասել է, որ Մոլդովան և Վրաստանը կանգնած են ապակայունացման փորձերի առաջ, ինչը մեծ ուշադրություն է պահանջում, և արդարացված կլիներ, եթե այդ փորձերի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը քննարկվեր։

Politico-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Մոլդովայում ռուսամետ օլիգարխների դեմ։ Հրապարակման տարածած տեղեկությունից չի որոշակիանում, թե նախարարները հատկապես որ օլիգարխներին նկատի ունեն։

Այնուամենայնիվ, Politico-ն ընդգծում է Մոլդովայի կառավարության վերջին հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում է փոխել Մոլդովայի եվրոպամետ, ժողովրդավարական կուրսը և այս համատեքստում նշում է ռուսամետ օլիգարխ Իլան Շորին, որը մեղադրվում է հակակառավարական ցույցերը ֆինանսավորելու մեջ:

Վրաստանի համատեքստում Politico-ն գրում է «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ցույցերի մասին՝ ընդգծելով, որ երկրի նախագահի խոսքով՝ այս օրինագիծը թելադրել է Մոսկվան, և չնայած «Վրացական երազանքի» կողմից օրինագծի մերժմանը, անհանգստությունն աճում է: Politico-ն գրում է, որ իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, որտեղ հարստություն է կուտակել 1990-ականներին։