Ե՞րբ տեղի կունենա Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց, կիրակի օրը կանցկացվի:

ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիայի խոսքով, ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման առավելագույն ժամկետը, օրենքի համաձայն, պետք է լինի ընտրությունների օրից ոչ ուշ քան 20 օրը:

«Օրենսդրության համաձայն, երբ խոսքը գնում է երկրորդ փուլի մասին, այն ունի իր ժամկետները: Առավելագույնը 20 օրյա ժամկետը ամփոփելու համար, իսկ հետո ամփոփելուց երկու շաբաթվա ընթացքում, կիրակի օրը անցկացվում է երկրորդ փուլը»,- հայտարարել է Ժվանիան՝ հավելելով, որ ընտրություններն ամենաուշը կարող են լինել դեկտեմբերի 2-ին:

Ըստ օրենքի, ընտրություններում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով կհավաքի ձայների 50 տոկոսից ավելին: Եթե ոչ մի թեկնածու այս ցուցանիշը չի գրանցում, նշանակվում է երկրորդ փուլ՝ երկու լավագույն ցուցանիշ գրանցած թեկնածուների միջև: