Երեկվա օրը համառոտ. ապրիլի 13

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հետ, քննարկել են կրթական և գիտական ​​այն նախագծերը, որոնք իրականացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունը Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Վրաստանի հետ «սահմանը» (2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից հետո ռուսական կողմն այս շրջանը ճանաչել է անկախ պետություն, որից հետո Վրաստանից վերահսկվող տարածքների հետ օսական կողմն «անցակետեր» է տեղադրել) կբացվի Ջավայի և Ախալգորիի շրջանների բնակիչների համար։

Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Զուգդիդի քաղաքի մանկական մարզադաշտում 15-ամյա դեռահասի սպանության համար մեղադրվող 17-ամյա անչափահասը դատապարտվել է ազատազրկման։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ 10 դատապարտյալի ներում է շնորհել:

2022 թվականի ընթացքում Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիները։ Խոսքը 15 հազար բնակարանների մասին է, որոնք գնել են 10,6 հազար օտարերկրյա քաղաքացիներ։ Նշված տվյալները Հանրապետական խմբակցության առաջնորդներից պատգամավոր Խաթունա Սամնիձեն է խնդրել արդարադատության նախարարությունից:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից InterPressNews-ին հայտնել են, որ 2023 թվականի փետրվարի 1-ից ապրիլի 11-ը Վրաստանի ողջ տարածքում պարբերական տեխզննում է անցել 184 հազար 830 տրանսպորտային միջոց:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի գյուղատնտեսության նախնական ցուցանիշները։ Նախնական տվյալներով, 2022 թվականին ցորենի արտադրությունը կազմել է 157,4 հազար տոննա, ինչը 15,8 տոկոսով գերազանցում է 2021-ի համապատասխան ցուցանիշը։

Geostat-ի փոխանցմամբ՝ փետրվարին աշխատունակ տղամարդու կենսապահովման նվազագույնը հունվարի համեմատ նվազել է 40 թեթրիով և կազմել 256 լարի։ Geostat-ի տվյալներով, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 4 783,8 մլն դոլար:

Եվրամիությունը Վրաստանի սահմանային ոստիկանությանը տրամադրել է հսկողության համակարգեր, արտաճանապարհային մեքենաներ և ավտոբուսներ, հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունից:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանային բաժնի ծառայողները ձեռնարկված թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով 3 անձի են ձերբակալել։