Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 5

Վրաստանի Զուգդիդիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության 22 անդամներից 14-ը լքել են կուսակցությունը։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը ամանորյա ծախսերի համար բյուջեից գրեթե կես միլիոն լարի կծախսի. դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է ծախսել 466 հազար 495 լարի:

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը գարնանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել դեպի Ռուսաստան ուղիղ չվերթեր սկսելու պատճառով, հայտարարել է չվերթերի քանակի ավելացման մասին։

2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվել է սպորտային ենթակառույցների վերանորոգման-վերականգնման 8 նախագիծ:

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2023 թվականի դեկտեմբերի 30-ից:

Վրաստանի գինեգործական ձեռնարկությունների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Վրաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պավել Հերչինսկուն` խնդրելով Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ։

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը լքած Ռուսա Շելիան հայտարարել է՝ «Իմեդին» հանձնարարություններ է տվել, որոնք ծառայել են ԱՄՆ-ի վարկաբեկմանը:

18 մետրանոց ավտոբուսների մի մասը Վրաստանում է: Ավտոբուսները բերել է մրցույթում հաղթած Tegeta Truck And Bus ընկերությունը, որը Tegeta holdings-ի անդամ է։

Վրաստանի քաղաքացիների ոչ էլեկտրոնային, այսպես կոչված, լամինացված նույնականացման (ID) քարտերը, որոնք տրվել են մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը, 2024 թվականի հուլիսի 1-ից չեղյալ կհայտարարվեն: