Georgian Airways-ը ավելացնում է դեպի Եվրոպա չվերթերը

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը գարնանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել դեպի Ռուսաստան ուղիղ չվերթեր սկսելու պատճառով, հայտարարել է չվերթերի քանակի ավելացման մասին։ Georgian Airways-ը շաբաթական մինչև 60 չվերթ է ավելացնում դեպի Եվրոպա, ասված է ընկերության հայտարարության մեջ։

Նշվել է, որ որոշումն ընդունվել է Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշման ակնկալիքով։

Ընկերությունը փոխանցել է, որ չվերթերի մեծ մասը կիրականացվի ցերեկվա ընթացքում։

Բացի այդ, Georgian Airways-ը մինչև տարեվերջ կսկսի թռիչքները դեպի Դուբայ, իսկ 2024 թվականի ապրիլից՝ Չինաստան (Պեկին, Շանհայ, Չենդու): Դիտարկվում է նաև դեպի Հնդկաստան՝ Դելի և Մումբայ թռիչքներ սկսելու հնարավորությունը։

Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր ստորագրեց՝ մայիսի 15-ից չեղյալ համարել Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկել մուտքի արգելքը։ Երկու երկրների միջև թռիչքները չեղարկվել էին 2019 թվականից։