Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 26

Մառնեուլիի քաղաքապետարանը հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի դիմումի հիման վրա Մառնեուլիի կույրերի միության շահառուների համար ձեռք է բերել 10 ձայնային զարկերակային ճնշման և 5 գլյուկոմետր սարք։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչին:

Տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտությունն է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման թեմաներից:

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի Հարավային Կովկասում վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի բացման ժամանակ իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանն իրապես դարձել է Արևելք-Արևմուտք հարաբերությունների անբաժանելի մասը:

Վրաստանը պատրաստ է տարածաշրջանային կենտրոնի դեր ստանձնել էներգետիկ տարանցման, բեռնափոխադրումների և թվային փոխկապակցման ոլորտներում:

Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը Եվրամիության հետ մերձենալու շատ մեծ ցանկություն ունի, հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

2023 թվականի սեպտեմբերին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,9 տոկոսով:

Եվրահանձնաժողովի կազմակերպած «Գլոբալ դարպասների ֆորումին» մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Վրաստանին ԵՄ անդամակցության կարգավիճակ տրամադրելու մասին։

2024 թվականի Թբիլիսիի տոնածառը կարժենա 730 հազար լարի։