Երեկվա օրը համառոտ. մարտի 17

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլեվերլիի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին հայտարարել է, որ վրաց ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ ինքնուրույն որոշել սեփական ապագան և ճակատագիրը՝ անկախ արտաքին միջամտությունից:

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Deutsche Welle-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու է 2019-ի հունիսի 20-ի հայտնի իրադարձություններում իրավապահների գործողություններն օրինական համարում, իսկ այսօր՝ ոչ։

Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ ավտոդիլերների պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականին նոր մեքենաների գները տարեկան բարձրացել են 15-20 տոկոսով:

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքելով Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում 12-ամյա դեռահասի մահվան փաստին, իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Վրաստանում ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննություններին հնարավոր կլինի գրանցվել մարտի 20-ին, ժամը 10:00-ից մինչև ապրիլի 3-ը, ժամը 18:00-ն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21,2 տոկոսով (309,9 լարիով) և կազմել 1773,7 լարի։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է սկսում՝ ամառային «բանակային ճամբար»։ ՊՆ ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչության նախաձեռնած ծրագիրը կիրականացվի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ այս տարի առաջին անգամ:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2024-2025 թվականներին հասարակական տրանսպորտի հարցը վերջնականապես լուծելու նպատակով 18 մետրանոց նոր ավտոբուսներ կներկրվեն մայրաքաղաք։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը որոշումները կայացնում է ոչ թափանցիկ ընթացակարգով։

Վրաստանի «Շարժական արդարադատության տունը» տեղում կսպասարկի Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությանը: