Երեկվա օրը համառոտ. փետրվարի 13

Վրաստանում «Սաիրմե» ապրանքանիշի անվան տակ գազավորված հանքային և ոչ գազավորված աղբյուրի ջուր արտադրող ու արտահանող Sairme Mineral Waters գործարանի աշխատակիցները լայնամասշտաբ գործադուլ են անում, հայտարարել է արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն։

Վրաստանի և Պարագվայի Հանրապետության միջև սկսել է գործել առանց վիզայի ռեժիմը, տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Վրաստանում պաշտոնապես աշխատում է օտարերկրյա 41 հազար քաղաքացի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալաիան` «Միգրացիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։

Մարտի 1-ից «Լիլո մոլ»-ի տարածքում կայանումը կարժենա 5 լարի` 3 լարիի փոխարեն. այս հայտարարությունն արդեն փակցված է առևտրի օբյեկտի տարածքում:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է որոշի, թե ինչպիսի հարաբերություններ կունենա Ռուսաստանի հետ, բայց ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման վերաբերյալ դիրքորոշումը պետք է համահունչ լինի Եվրամիության որդեգրած դիրքորոշմանը։ Հերչինսկին, Interpresnews.ge-ին տված հարցազրույցում անդրադառնալով Վրաստանի թեկնածուի կարգավիճակին, ասել է, որ Վրաստանը դեռ բավական ժամանակ ունի ապացուցելու համար, որ առաջընթաց է գրանցել և պատրաստ է նստել սեղանի շուրջը՝ որպես Եվրամիության ապագա անդամ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Համաշխարհային կառավարության գագաթնաժողովի իր ելույթում հայտարարել է, որ իրենց կառավարության (նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը) վճռական գործողությունները նպաստել են վերջին երկու տարում Վրաստանում 230 հազար աշխատատեղերի ստեղծմանը: Ղարիբաշվիլին ասել է, որ իրենց կառավարությունն ունի ուժեղ Վրաստանի տեսլականը, որը հավատարիմ է ազատ շուկայական տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների գաղափարին, և դա արտացոլվում է կառավարության բազմաչափ մոտեցման մեջ, որն էլ ապահովում է կայունություն և կանխատեսելիություն վրաց ժողովրդի համար:

Վրաստանի «Շարժական արդարադատության տունը» արդեն սպասարկում է Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակչությանը:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) Թբիլիսիում ակցիա է անցկացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Փոթի քաղաքում ավարտվել է փոխադրման երկաթուղու նախագծի շինարարությունը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ եվրոպական հանձնարարականները կատարելու համար վրացի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ անցյալ տարի հաստատել են 82 օրենք։

Եվրախորհրդարանը որոշում կընդունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման բուժման նպատակով տեղափոխելու հարցի վերաբերյալ։