Երեկվա օրը համառոտ. փետրվարի 22

Փետրվարի 22-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 565 769-ի: Մեկ օրում արձանագրվել է 12 101  նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 25.48%:

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի երեկ՝ փետրվարի 22-ին կայացած նիստից հետո Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պիկն անցել է, և գնում ենք դեպի նվազման փուլ։ Գաբունիայի խոսքով, ակնկալվում է իրավիճակի հետագա կայունացում և, համապատասխանաբար, ծրագրվելու է հիվանդանոցային հատվածի դեմոբիլիզացիայի գործընթացը։ 

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ համակարգող խորհուրդը կվերացնի դիմակ կրելու պարտավորությունը, եթե բնակչության 80%-ից ավելին լինի ամբողջությամբ պատվաստված, իսկ 60%-ը՝ խթանիչ «booster» դոզայով։

Գամկղրելիձեի խոսքով՝ այս պահին Վրաստանում կա «Pfizer» պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ, որոնց ժամկետը լրանում է մարտի 31-ին:

«Երկրում մոբիլիզացված Pfizer-ի մոտ 2 միլիոն չափաբաժին ունեինք։ Ընդամենը սպառվել է 1 623 113 դեղաչափ»,- ասել է Գամկղրելիձեն։

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանում կրկին կթույլատրվի հոգեհանգիստների և հարսանիքների անցկացումը։ Այսուհետ փակ տարածքներում մեկ սեղանի շուրջ հնարավոր կլինի նստել 10 հոգով, իսկ բաց տարածքներում՝ 15 հոգով։

Մարտի 4-ից ակումբներին կթույլատրվի գործել, սակայն հյուրերի թիվը պետք է լինի առավելագույն թվի 60 տոկոսը: Այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Խորհրդի որոշմամբ՝ մարտի 15-ից առանց սահմանափակումների կթույլատրվեն գիտաժողովները, սեմինարներն ու թրեյնինգները։ Մինչ այդ գործող՝ առավելագույնը 70 մասնակցի սահմանափակումները կվերացվեն:

Մարտի 1-ից Վրաստանում կվերացվեն կարանտինային տարածքները, այսպես կոչված քովիդ-հյուրանոցները, ինչը նշանակում է, որ կդադարեցվի վարակվածների տեղափոխումը նման տարածքներ։ Վերացվում է նաև հասարակական շինություններ ջերմաչափումով մուտք գործելու պահանջը։

Վրաստանի ուսումնական հաստատություններում՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, հակահամաճարակային կանոնակարգերը կշարունակեն ուժի մեջ մնալ, ինչպիսիք են՝ ջերմության ստուգումը, դեզոբարիերների, ախտահանման լուծույթների օգտագործումը և այլն։ 

Վրաստանի սահմանը հատելուն վերաբերող որոշ սահմանափակումներ մեղմացվել են։ Մինչ այս Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործելու համար PCR թեստի բացասական արդյունք կամ պատվաստումը հաստատող վկայական չներկայացնելու դեպքում պետք է անցնեին 8-օրյա ինքնամեկուսացում։ Մարտի 1-ից ինքնամեկուսացման ժամկետը կրճատվում է մինչև 5 օր։ Իսկ եթե Վրաստանի քաղաքացին երկիր է մուտք գործում PCR թեստով, ապա նա ազատվում է 72 ժամվա ընթացքում թեստը կրկնելու պարտավորությունից։ Մանրամասներն՝ այստեղ:

«Ալիք Մեդիային» Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնեցին, որ մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կազատվեն PCR թեստ ներկայացնելու պահանջից, ինչպես նաև երրորդ օրը PCR թեստ ևս չեն հանձնի։ 

Հակամաճարակային կանոնակարգերի հետ կապված փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Վրաստանի կառավարությունը հաստատել է զբաղվածության խթանման ծրագիրը։ Ծրագրի բյուջեն սահմանվել է 770 000 լարի։ Գումարը նախատեսված է աշխատաշուկայում տեղեկատվական համակարգի զարգացման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատաշուկայի վերաբերյալ անհատական ​​և խմբակային խորհրդատվության տրամադրում, միջնորդական ծառայությունների տրամադրում և զարգացում, խոցելի խմբերի զբաղվածությունը հեշտացնելու մեխանիզմների մշակում և ներդրում, աշխատանքի տեղավորման ֆորումների կազմակերպում:

Ֆինանսների նախարարության գանձապետարանը հրապարակել է 2022 թվականի հունվարի հարկերի կատարողականի հաշվետվությունը, որի համաձայն՝ նախորդ ամիս բյուջեից հավաքագրվել է 1,1 մլրդ լարի հարկ, ինչը կազմել է առաջին եռամսյակի պլանի 30,5%-ը։ Հարկերից 455 մլն լարի է եկամտահարկը, ինչը նշանակում է, որ հունվարին երկրում վճարվել է ավելի քան 2 մլրդ լարիի չափով աշխատավարձ: Ինչ վերաբերում է այլ հարկերին, ապա բյուջե է մուտքագրվել 155 մլն լարի շահութահարկ, 124 մլն լարի ակցիզային հարկ և 468 մլն լարի ավելացված արժեքի հարկ։ Նույն ժամանակահատվածում Վրաստանի պետական ​​պարտքն աճել է 382 մլն լարիով։ Դրանցից 204 միլիոնը եղել է ներքին պարտքը, 177 միլիոնը՝ արտաքին պարտքը։

Երեկ Թբիլիսիի սակրեբուլոյի Թամար թագուհու անվան դահլիճում տեղի է ունեցել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում։

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի դե ֆակտո ղեկավարները հայտարարել են, թե սատարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման որոշումը։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում գրառում է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որպես, այսպես կոչված, ժողովրդական հանրապետությունների  «անկախության ճանաչման» հետ կապված:

Ռուսաստանը կրկնում է 2008-ին վրացական տարածքների օկուպացիան: Այսպես էր արձագանքել Վրաստանի վարչապետը ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ճանաչմանը»:

Վրաստանի նախագահական շենքից կախել են Վրաստանի և Ուկրաինայի դրոշները՝ ի աջակցություն Ուկրաինայի:

Եվ վերջում՝ փետրվարի 22-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2,61 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,003 լարի։ Եվրոյի նկատմամբ լարին արժեզրկվել է 2,42 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,4063 լարի։