Երևանը ծանոթանում է Վրաստանի վիզայի ազատականացման գործընթացին

Թբիլիսիում կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ-ի հետ Վիզայի ազատականացման երկխոսության բավական ընդգրկուն և բարդ գործընթացի վրացական փորձի դիտարկմանը, փոխանցում է հայաստանյան «Հոդված 3» ակումբը։

Ապրիլի 7-10-ը կայացած աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները՝ Վրաստանի նույն գերատեսչությունների գործընկերների հետ քննարկելով Վիզայի ազատականացման երկխոսության (Visa Liberalization Dialogue) ընթացակարգի բազմաթիվ մանրամասներ։

«Աշխատաժողովի առաջին օրը Վրաստանի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ հայաստանյան պատվիրակությունը քննարկել է կենսաչափական չափորոշիչներով փաստաթղթերի տպագրության, փաստաթղթերի պաշտպանության, հասանելիության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը, ինչպես նաև անօրինական միգրանտների մաքսանենգության և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հաջորդած օրերին Վրաստանի ԱԳՆ և ՆԳՆ նախարարությունների պաշտոնյաների և Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ քննարկվել են նաև Վիզայի ազատականացման գործընթացի կարևորագույն մաս կազմող օրենքների փոփոխությունները, ընդհանուր առմամբ ընթացակարգային պարտավորությունները ու գործընթացի մանրամասները, սահմանների համալիր կառավարման և միգրացիոն հարցերը, իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների և դրանց արդյունավետ իրավակիրառ պրակտիկայի խնդիրները», — նշված է տեղեկության մեջ։

Հայաստանյան պատվիրակությանն ընդունել են նաև արդարադատության
նախարարության Հանրային ծառայությունների պալատում (House of Justice), որտեղ դիտարկվել են հանրային ծառայությունների տրամադրման միասնական համակարգի հաջողված օրինակն ու դրանց կիրառման հնարավորությունները։

 Ծրագիրն իրականացվել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։