Amnesty International-ն Էլենե Խոշտարիայի նկատմամբ պատժի մասին

Amnesty International-ն ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիային նախընտրական պաստառի վրա մարկերով գրելու պատճառով 1.5 տարի ազատազրկման դատավճիռը համարում է այլախոհության համար պատիժ։

«Սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է քրեական արդարադատության համակարգն օգտագործվում այլախոհությունը պատժելու համար։ Խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ կատարված ոչ բռնի, մանր զանցանքների համար քրեական պատժամիջոցների կիրառումը խոսքի ազատության անհամաչափ սահմանափակում է։ Նման դեպքերում պետք է խուսափել ազատազրկումից», — ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը։

Նրա խոսքով` «Էլենե Խոշտարիայի դեպքում պատժի խստությունը կապված չէ նյութական վնասի հետ, այլ նրա քաղաքական հայացքների և իշխող կուսակցությանը պատճառված խորհրդանշական վնասի հետ»։

Կազմակերպությունը կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի ընդդիմադիր քաղաքական գործչին, «վերանայի նրա դատավճիռը, չեղյալ հայտարարի նրա ազատազրկումը և անհապաղ դադարեցնի քաղաքական դրդապատճառներով բոլոր դատավարությունները»։