Երևանում առաջին անգամ կանցկացվի «EVN Report մեդիա փառատոն»

Մայիսի 27-29-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «EVN Report մեդիա փառատոն»-ը, որը կհամախմբի տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ընդգծելու հավաքական հիշողության և փորձառությունների արձանագրման գործում լրագրողների առանցքային դերը։

EVN Report առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած փառատոնը ներառում է պանելային քննարկումներ, անձնական զրույցներ, աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, ցուցահանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ընդգրկում են մի շարք թեմաներ՝ պատերազմից մինչև քաղաքականություն:

Եռօրյա ոգեշնչող զրույցների և միջոցառումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շփվել լրագրողների, խմբագիրների, գրողների, մտածողների հետ և վերարժևորել հավաստի և վստահելի նորությունների ու տեղեկատվության կարևորությունը:

Փառատոնը կանցկացվի ՀայԱրտ մշակութային կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 7ա:

Միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է նախնական գրանցում

Միջոցառումները բաց են լուսաբանման համար։

Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում:

 

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։

EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող: