Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնող երգչուհին ստացավ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը

Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնող երգչուհին ստացավ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը:

2023 թվականի փետրվարի 5-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու իր նստավայրում ընդունեց «The Voice» շոուի նախագծի հաղթող և «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող Իռու Խեչանովային: Այս մասին տեղեկություն է տարածում «Հայարտուն» կենտրոնը։

Տեղեկության համաձայն՝ երիտասարդ երգչուհին երախտագիտություն է հայտնել բոլոր հայրենակիցներին՝ իրենց հեռախոսազանգերով և հաղորդագրություններով աջակցության համար:

«Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորել է երիտասարդ երգչուհուն նախագծի մրցույթի եզրափակչում հաղթանակի հասնելու համար, և Վրաստանը ներկայացնելու պատվին արժանացած շնորհալի երգչուհուն տվել իր հայրական օրհնությունը: Հայր Սուրբը հույս է հատնել, որ հայազգի երգչուհին արժանապատվորեն կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում», — նշված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթը կանցկացվի Լիվերպուլ քաղաքում, մայիսի 9-13-ը: