ԵԽ-ն դատապարտում է Վրաստանի իշխանություններին

Այսօր՝ հունիսի 8-ին, Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։

Բանաձևի նախագծի համաձայն՝ Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է Վրաստանում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ աճող սպառնալիքներով:

Դատապարտում է խոսքի ազատության դեմ ուղղված ցանկացած հարձակում և կոչ է անում իշխանություններին անհապաղ դադարեցնել բռնության, ոտնձգությունների, ահաբեկման և գրաքննության ցանկացած դրսևորում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ:

Բանաձևով կոչ է արվում իշխանություններին ապահովել խոսքի ազատությունը, մամուլի ազատ և անվտանգ գործունեությունը, ներառյալ լրատվամիջոցների աշխատանքին չմիջամտելը։

ԵԽ-ն Վրաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը և խտրական վերաբերմունքը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, դատապարտել բռնի կոչերն ու գործողությունները և հրապարակային հայտարարություններում հանդուրժող, մարդու իրավունքներին ուղղված դիրքորոշում ունենալ:

Նշվում է, որ կտրականապես դատապարտում է Վրաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը՝ կոչ անելով վերջ դնել վերջիններիս շահերը պաշտպանողների ահաբեկման փորձերին։

Խստորեն դատապարտում է արդարադատության համակարգի օգտագործումը լրատվամիջոցների գրաքննության և ահաբեկման նպատակով և այլն:

Ըստ նախագծի՝ բանաձևի ընդունման և վերոնշյալ կոչերի համար հիմք են հանդիսանում մի շարք գործոններ, այդ թվում՝ այն, որ, ըստ ազգային և միջազգային ՀԿ-ների, ընդդիմության անդամները ենթարկվել են հարձակման, ահաբեկման, քննադատության:

Բանաձևը ներառում է ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալության հարցը, Օմբուդսմենի ու հասարակական կազմակերպությունների կարծիքը, որ գործում հանցագործության հետքեր չկան։

Խնդիր է համարվում իշխանության ագրեսիվ հռետորաբանությունը քննադատական ​​լրատվամիջոցների նկատմամբ:

Կարդացեք նաև՝

Օմբուդսմենը նախագահին կոչ է անում ներում շնորհել Գվարամիային