Գագայում 26-ամյա ռուս զբոսաշրջիկ կնոջ են սպանել։ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա տղամարդ։
Քննության տվյալներով՝ 26-ամյա Ամինա Բիկբովան Գագա էր մեկնել հանգստի նպատակով։ Մի քանի օր շարունակ նրանից ոչ մի տեղեկություն չստանալով` ընտանիքը դիմել է իրավապահներին։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածը 25-ամյա Էդգար Աբուխբան է։ Քննության վարկածով՝ նա կնոջը հանդիպել է սեպտեմբերի 23-ին և նրա հետ գնացել վարձակալած բնակարան։ Նրանց միջև վեճ է ծագել, և տղամարդը խեղդամահ է արել կնոջը։
Քննության տվյալներով՝ հաջորդ օրը մեղադրյալը դին տարել է Բզիբի կիրճի ուղղությամբ և թողել ճանապարհամերձ թփուտներում։
Գործը քննում է Գագայի շրջանի դատախազությունը։