Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հունվարի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Գլխավոր քարտուղարի տեղակալը վերահաստատել է մեր անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ դուրս բերել իր ուժերը նախապատերազմական դիրքեր և կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթները»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։

Շերմանը և Զալկալիանին շեշտել են ինքնիշխան պետությունների իրավունքների պաշտպանության և իրենց անվտանգության մեխանիզմներն ընտրելու՝ Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտությունը՝ ի դեմս շարունակվող ռուսական ագրեսիայի։

Կողմերը քննարկել են նաև Եվրոպայում խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցը։

Նշենք, որ զրույցը նախորդում է հունվարի 10-ին Ժնևում նախատեսված ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությանը, որը կգլխավորի ԱՄՆ-ից Շերմանը։ Հունվարի 7-ին նախատեսվում է նաև ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպումը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ։

Նորայր Միսկարյան