Զբոսաշրջիկի ուղեցույց. ինչին ուշադրություն դարձնել` Վրաստան գալու դեպքում

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հստակեցրել է Վրաստան մուտքի և կեցության կարգը` օտարերկրյա այցելուների համար:

Ներկայումս Վրաստանի օդային ու ցամաքային սահմանները բաց են 53 երկրի քաղաքացիների ու ռեզիդենտների համար: Ցամաքային տրանսպորտով ճանապարհորդելու դեպքում հնարավոր է Վրաստան մուտք գործել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի  հետ սահմանային անցակետերով` ունենալով պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք ու PCR թեստի բացասական պատասխան:

Օդային ճանապարհով գալու դեպքում բավարար է միայն քովիդ անձնագիրը:

Դեռևս չպատվաստված քաղաքացիները 72 ժամվա ընթացքում արված  PCR բացասական թեստով կարող են գալ, այն պայմանով, որ այցի 3-րդ օրը իրենց հաշվին կրկնակի թեստավորվեն: Սա պետք կգա երկիրը լքելիս: Թեստի բացակայության դեպքում հյուրը կտուգանվի: Այցելուները նաև պետք է օնլայն  դիմում լրացնեն` նշելով անձի ու  այցի հետ կապված ամբողջական տեղեկատվություն:

Նշված կարգը տարածվում է հետևյալ երկրների քաղաքացիների համար.

ԵՄ անդամ պետություններ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Օման:

Զբոսաշրջիկը պետք է իմանա և հետևի պանդեմիայով պայմանավորված նոր կարգավորումներին.

  •  Հանգստյան օրերին հասարակական սննդի օբյեկտների սահմանափակումներն ամբողջությամբ վերացվել են,  նրանք կարող են հյուրեր ընդունել նաև ներսում:
  • Վերականգնվել է հյուրանոցների աշխատանքը` ներառյալ լեռնային հանգստավայրերում, համաճարակաբանական նորմերին և կանոններին լիովին համապատասխանեցնելով.
  • Ճոպանուղիները շահագործվում են լեռնային հանգստավայրերում, ինչպես նաև Թբիլիսիում` համաճարակաբանական նորմերին և կանոններին լիովին համապատասխանելով
  • Վերականգնվել է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը.
  • Մարզադահլիճները և ֆիթնես ակումբները բաց են՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.
  • Վերսկսվել է թանգարանների և գրադարանների աշխատանքը.
  • Վերսկսվել է մանրածախ առևտուրը ոչ պարենային ապրանքների, այդ թվում` առևտրի կենտրոնների և տոնավաճառների (և հանգստյան օրերին):

Ուժի մեջ են

23: 00- 4: 00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժվելու սահմանափակումը` այսպես կոչված` «պարետային ժամ»,  հասարակական միջոցառումների ՝ հարսանիքների, ծնունդ-կնունքների, խնջույքների անցկացման արգելքը, դիմակ կրելու պահանջը:

Միջազգային ճանապարհորդների համար մանրամասն հրահանգներին կարելի է  ծանոթանալ զբոսաշրջության կառավարման կայքում: