Հակասական զարգացումներ Ախալցիխեի հայկական դպրոցի տնօրենի շուրջ

Մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություններ է սերմանում: Մասնավորապես Newspress.am լրատվականը դպրոցի խնդիրների հետ կապված մի շարք հոդվածներ է հրապարակել: Արդեն հայտնի է, որ տնօրենն արգելել է այս տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված մասշտաբային միջոցառման անցկացումը՝ ուսուցիչներին հանձնարարելով սահմանափակվել բաց դասերով: Տեղեկություններ կան, որ տնօրենը մանկավարժներին ասել է,  թե երեխաները կարիք չունեն հիշելու մեկ դար առաջ տեղի ունեցածը և պետք է. «դուրս գան այս տխուր թեմայից»:

«Հերիք է ողբանք և լաց լինենք։ Թող այնտեղ տերտերը խաչքարի մոտ ինչ ուզում է անի՝ մեր դպրոցը նման բաներ չի անելու․․․»:

7b796b058905857f49477046482371d5Դպրոցի տնօրենի նորամուծություններն այսքանով չեն ավարտվում: Մինչ այս հրապարակում էր եղել այն մասին, որ տնօրենի կարգադրությամբ հանվել էր  դպրոցի շքամուտքի հայատառ ցուցանակը` փոխարինվելով վրացերեն-անգլերեն մակագրությամբ: Այս որոշումը ներկայացվել էր որպես իշխանությունների պահանջ: Հայատառ ցուցանակն աղբն են նետել: Սա ապացուցող լուսանկարները մեզ է տրամադրել newsspress լրատվականը:

Վրաստանի օրենսդրությունը, սակայն, չի արգելում հայկական դպրոցների վրա հայատառ ցուցանակների առկայությունը: Ավելին՝ այդպիսի ցուցանակներ կան օրինակ Թբիլիսիի հայկական 104 դպրոցում, Վրաստանի հայկական գյուղերի գրեթե բոլոր դպրոցներում:f1c650806975bf325071330bb78d7488

Տնօրեն նշանակվելուց հետո Ակոպովան նաև կոնֆլիկտի մեջ է  մտել հայոց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Պետրոսյանի հետ: Խոսվում է այն մասին, որ կարող են կրճատվել հայերենի դասաժամերը: Այժմ էթիկայի հանձնաժողովում քննարկվում է ուսուցչի հարցը: Տնօրենը գտնում է, որ Պետրոսյանը վիրավորել է իրեն:

Ապրիլի 24-ի միջոցառումների ձևաչափի փոփոխության հետ կապված իր մտահոգություններն ունի նաև Akhaltskha.net լրատվական կայքի խմբագիր Էդուարդ Այվազյանը: Ալիքի հետ զրույցում նա նշեց, որ այն համոզմունքին է, որ ցեղապսանության հերթական տարելիցի միջոցառումները ճիշտ կլինի նշել նախկինի նման` թե՛ դպրոցում, թե՛ հուշակոթողի մոտ, դատապարող ելույթներով, ճանաչման պահանջներով, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին:

Տեղեկություններ կան, որ նորանշանակ տնօրենը Վրաստանի հատուկ ծառայությունների Ախալցիխեի բաժնի նախկին սպա Արամ Պողոսովի կինն է, ում շնորհիվ էլ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Ալիքի հարցերին Ակոպովան հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե զբաղված է եւ ավելացրեց. «գրեք` ինչ ուզում եք, ինչքան ուզում եք»:

Նորանշանակ տնօրենի շուրջ այլ խնդիրներ եւս քննարկվում են: Ալիք մեդիան առաջիկայում կանդրադառնա նաև դպրոցի մարզադահլիճի շուրջ նորանշանակ տնօրենի եւ քաղաքի լավագույն մարզիչ համարվող Շուշանյանի միջեւ հակասություններին:

Լուսանկարը՝ Սուսաննա Ակոպովայի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան