Արժեքների բախում, թե՞ ուղղորդված ծայրահեղականություն․ Թբիլիսիի միջադեպերի հետքերով

Ծեծի ենթարկված հինգ տասնյակ լրագրողներ, երկու անգամ Վրաստանի օրենսդիր մարմնի շենքից իջեցված ու պատռած Եվրամիության դրոշ, բռնություն զբոսաշրջիկների նկատմամբ, անկարգություններ ու հանցագործություններ և, միևնույն ժամանակ, ոչ մի ցրված ցույց, կամ ավանդական ջրցան մեքենա ու ռետինե փամփուշտ. այն ինչ պետք է իմանալ Վրաստանում վերջին օրերին զարգացող իրադարձությունների մասին: 

Վրաստանում հուլիսի 6-ի, ինչպես նաև 5-ի իրադարձությունները ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով: Երկրում  Արժանապատվության քայլերթի դեմ կազմակերպված շարժումը վերահսկողությունից դուրս եկավ դեռևս մինչև «Արժանապատվության քայլերթի» մեկնարկը, ինչն էլ ստիպեց քայլերթի կազմակերպիչներին չեղարկել այն: Ագրեսիվ տրամադրված անձինք հաշվեհարդար եղան անգամ լրագրողների հետ, ովքեր կատարում էին իրենց աշխատանքային պարտականությունները: Հունիսի հինգին վիրավորվեց 53 լրագրող: Նրանց խոսքով, ներքին գործերի նախարարությունը ոչինչ չէր անում իրենց պաշտպանելու համար: Նույն օրը դանակահարեցին զբոսաշրջիկի, պատճառաբանելով, որ ականջօղ էր կրում: Խորհրդարանի շենքից հանեցին ու պատռեցին Եվրամիության դրոշը:

Լրատվամիջոցները դատապարտում են լրագրողների նկատմամբ բռնությունը. Տեսանյութ

Հուլիսի 6-ին Վրաստանի քաղհասարակությունը որոշեց դատապարտել այս գործողությունները, լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու հավաքվել խորհրդարանի շենքի տարածքում՝ լուռ ցույց անելու նպատակով: Ագրեսիվ տրամադրված խմբերն այս անգամ էլ, հավաքվեցին խորհրդարանի դիմացի մայթում՝ այս անգամ էլ լուռ ցույցին կոնտրակցիա կազմակերպելով: Նախքան ցույցի մեկնարկն արձանագրվեց մի քանի բախում, կրկին ծեծի ենթարկվեց մեկ լրագրող, ինչից հետո ՆԳՆ-ն մոբիլիզացրեց հավելյալ ուժեր ու կենդանի պատերով շրջափակեց խորհրդարանի տարածքն, ուր հավաքված էր քաղաքացիական հասարակությունը, լրագրողներին էլ կոչ արեց՝ չմոտենալ կենդանի պատի հարակից տարածքին, որովհետև անվտանգ չէ:

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ռուսթավելիի պողոտայում

Ռադիկալ խմբերը փորձում էին ամեն կերպ ճեղքել ոստիկանական պատնեշը և բռնություն կիրառել թե՛ ակցիայի մասնակիցների և թե՛ լրագրողների նկատմամբ: Նրանք սկսեցին քարեր և շշեր նետել լրագրողների և ցուցարարների ուղղությամբ: Կարճատև բախումների ընթացքում վիրավորվեցին մի քանի ոստիկան և լրագրող: Ավելի ուշ Ռուսթավելիի պողոտայում հայտնվեցին ՆԳՆ-ի հատուկ ջոկատայինները: Համերաշխության ակցիայի ավարտից հետո ծայրահեղական խմբերը կարողացան հասնել խորհրդարանի դիմաց և կրկին հանեցին Եվրամիության դրոշը և այրեցին:

Ցուցարարների ու լրագրողների ուղղությամբ նետված իրերը

Հատկանշական է, որ բռնի գործողություններին դրդողների շարքում մեծ մասամբ հոգևորականներ էին, կոչ էին անում «բռնություն գործադրել հանուն Աստծո»: Հոգևորականների խումբը մերկացրել էր «Ֆորմուլա» ալիքի լրագրողին, ծեծի ենթարկել ու քարշ տվել փողոցով:

Հոգևորականների ու ծայրահեղական ազգայնական խմբերի հիմնական նարատիվները հետևյալն են՝

  • Արժանապատվության երթին խոչընդոտել՝ նշանակում է պաշտպանել ուղղափառ եկեղեցին
  • Արժանապատվության երթն անցկացնելը նպատակահարմար չէ
  • ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնություն կիրառելը ներելի է
  • Ռուսաստանը պաշտպանում է ավանդական ինքնությունը
  • Արժանապատվության երթով Աբխազիան ու Սամաչաբլոն կկորցնենք
  • Արևմուտքը հարձակումներ է անում ԼԳԲՏ համայնքի միջոցով, հեղափոխություն է ծրագրում
  • Արժանապատվության երթն այլասերվածության քարոզչություն է

ԵՄ դրոշն այրելը սահմանադրական հեղաշրջման փորձ է, Ալիք մեդիայի հետ զրույցում ասում է Վրաստանում անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագետ, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Վախտանգ Մաիսայան ու կոչ անում Սահմանադրության համաձայն պատժել հանցանքն իրականացնողներին:

«Սա ուղիղ մարտահրավեր է Վրաստանի ազգային անվտանգության համար, ինֆորմացիոն-քաղաքացիական պատերազմը մեդիադաշտից ու սոցիալական ցանցերից տեղափոխվել է իրականություն: Քաղաքացիական բախման իրական կոնտուրներ տեսանք նախօրեին. մի կողմից ուլտրաաջակողմյան ազգայնական ռադիկալ խմբեր, մյուսից` ուլտրաձախակողմյան լիբերտարիանական խմբեր, ագրեսիվ փոքրամասնության ներկայացուցիչներ, որ ևս կոնֆլիկտում իրենց դերն ունեն»,- ասում է Մաիսայան ու չի բացառում, որ ներգրավված են եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների ուժեր, ու եթե իշխանությունները չկասեցնեն այս գործողությունները, երկիրը կհայտնվի քաղաքացիական պատերազմի շեմին:

Ովքե՞ր են կանգնած բռնություն գործադրողների ետևում. հարցը պտտվում է քաղաքական ու քաղաքացիական դաշտում արդեն մի քանի օր շարունակ, սակայն կարծիքները կիսվում են: Մի մասը վստահ է՝ Ռուսաստանը ներգրավված է շարժման գործողություններում, մի մասն էլ պատճառները փնտրում է անհանդուրժողական ազգայնականության մեջ:

Փորձագետ, Միջազգային հարաբերությունների մասնագետ Թոռնիկե Շարաշենիձեն գտնում է, որ ռուսական ուժերը կապ չունեն.

«Սա պարզապես տեղական հիմարություն է: Շատերը գրում են, որ Ռուսաստանի կազմակերպածն է: Չեմ կարծում, որ այդպես է: Այնտեղ էլ չէին պատկերացնի, որ այսպիսի հիմարություն կարող է Վրաստանում տեղի ունենալ: Թշնամին ոչինչ չի կարողանա անել՝ եթե դու հիմար ես»:

Ռուսաստանի հետ կապը, սակայն, տվյալ դեպքում, բազմիցս ուրվագծվում է: Հիմնականում ատելության խոսքն ու հոմոֆոբ հայտարարությունները տարածվել են սոցիալական ցանցերում, մեդիայում՝ «Ալտ-ինֆո», «Վրաստան և աշխարհ», «Օբյեկտիվ», «Ասավալ-դասավալի», ինչպես նաև տարբեր կուսակցությունների կողմից՝ «Հայրենասերների դաշինք», «Վրացական երազանք», «Լևան Վասաձե- միասնություն, էություն, հույս», «Վրացական գաղափար», «Վրացական քայլերթ»: Բռնության քարոզչությունը հիմնականում արվել է Ալտ ինֆոյի կողմից, որն ուղիղ կապ ունի Ռուսաստանի հետ, հայտնի է պրոռուսական ու ապատեղեկատվություններ, դավադրության տեսություններ տարածելով: Այս հարթակը հաճախ է հայտնվում վրացական փաստերի ստուգման կազմակերպությունների նյութերում՝ որպես ապատեղեկատվություն տարածող ալիք:

լուսանկարը՝ Միթերի դետեկտորի

Մյուսները ագրեսիվ տրամադրված խմբերին կապում են նախ՝ Վրաստանի իշխանությունների, իսկ նրանց՝ Ռուսաստանի հետ: Ռոնդելիի հիմնադրամի փորձագետ Զուրա Բատիաշվիլին Ալիքի հետ զրույցում ասում է՝ կա հիմնավոր կասկած, որ ամենը նախապես էր պլանավորած:

«Նրանք բացահայտորեն արձանագրում են իրենց կապերը Ռուսաստանի հետ: ԵՄ դրոշի նկատմամբ էլ հատուկ թշնամանքը հենց սրա նշանն է: Բռնության առաջին օրը ՆԳՆ-ն ընդհանրապես չէր միջամտում իրադարձություններին, ու սա հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ ամենը նախապես էր պլանավորած: Այս ամենի պատասխանատուները ակցիայի կազմակերպիչներն ու իշխանությունն են»:

ՆԳՆ-ն, ի դեպ, քաղաքացիական հանրությանը զարմացրեց որևէ միջոց չկիրառելով՝ բռնությունը կանխելու համար:

  • 2019թ հունիսի 20-ին հայտնի Գավրիլովի գիշերը, երբ Վրաստանի քաղհասարակությունը պայքարում էր երկրի գործադիր մարմնում՝ խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնված Գավրիլովի ու ռուսական օկուպացիայի դեմ, քաղաքական մեկ գործչի` խորհրդարան ներխուժելու հորդորից հետո, ցույցը ցրվեց: Մեծ քանակությամբ հատուկջոկատայիններ ու ոստիկաններ, հավելյալ մեքենաներով ու ջրցաններով փաստացի կրակ բացեցին ցուցարարների վրա: Տուժել էին տասնյակ լրագրողներ ու ակտիվիստներ, իսկ ցուցարարների դեմ` արգելված ռետինե փամփուշտ կիրառելու հետևանքով երկու քաղաքացի կորցրել էր աչքը:
  • 2020 թվականի նոյեմբերի 1-ին, երբ պարզ դարձավ, որ ընտրություններում զգալի տարբերությամբ հաղթել է իշխող «Վրացական երազանքը», հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են, միավորված ընդդիմությունը շարժվեց դեպի ԿԸՀ-ի գլխավոր մասնաշենք, որտեղ դեռ ցույցի մեկնարկը չտրված, հատուկջոկայինները կիրառեցին գազանման նյութ ու ջրցան մեքենա։

Սրանք երկուսն են այն շատ օրինակներից, երբ ՆԳՆ-ն «արագ արձագանքով» կանխել է սպառնացող վտանգն ու չեզոքացրել այն՝ բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ ցույցը ցրելու ճանապարհով: Հուլիսի 6-ի իրադարձությունների օրը ոստիկանությունը կարծես հայտնվել էր «երկու քարի արանքում», ինչի արդյունքում չկիրառեց որևէ միջոց, բացի բերման ենթարկելուց ու երկաթե բարիկադներ տեղադրելուց: Ոչ բարիկադները, ոչ էլ՝ կենդանի պատը չպաշտպանեց հավաքվածներին իրենց ուղղությամբ թռչող պայթուցիկ սարքերից կամ երկաթե կտորներից, ծանր քարերով լցոնած շշերից:

Սոցիալական ցանցերում իրադարձությունների հետ կապված ֆլեշմոբ են սկսել՝ լուսանկարների վրա փակցնում են Եվրամիության դրոշն ու գրում, որ ընտրում են Եվրոպանը:

Եվրամիության դրոշն, ի դեպ, երկու անգամ այրելուց ու պատռելուց հետո, այսօր կրկին հայտնվել է խորհրդարանի շենքի մուտքի մոտ: Դրոշն անձամբ խորհրդարանի խոսնակն է վերադարձրել:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։