Անձրևն ու կարկուտը խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի փողոցներում (Տեսանյութ)

Թբիլիսիում երեկոյան 10-ի շրջանում տեղացած ուժեղ անձրևը մի շարք խնդիրներ է ստեղծել քաղաքի մի շարք հատվածներում:

Մեկ ժամ տևացած անձրևը, որն ուղեկցվեց նաև կարկուտով, հեղեղել է մայրաքաղաքի փողոցները: Աջ առափնյա հատվածում ծանրաբեռնվածությունն ավելացել է, մեքենաների երթևեկությունը դժվարացել է նաև Հերոսների հրապարակից Բարաթաշվիլի կամուրջ հատվածում, այստեղ ճանապարհատրանսպորտային մի քանի թեթև պատահար է գրանցվել:

«Ռուսթավի 2»-ը հաղորդել է, որ փրկարար ծառայությունների օգնությանն են դիմել հիմնականում Հին Թբիլիսիի, Արդարադատության տան մոտակա շրջանի բնակիչները: Հին քաղաքի մի շարք տների նկուղային հարկերը ողողվել են: Փրկարարական ծառայությունն արդեն հաղորդել է, որ այս պահին մայրքաղաքում  հետևանքները վերացվել են, սակայն  այլ համայնքների բնակիչներից   վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Թողնել պատասխան