ԵՄ-ի ազատ մուտքի իրավունքից օգտվել է 55 հազար քաղաքացի

2017-ի մարտի 28-ին Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմի հաստատումից հետո ազատ մուտքի իրավունքն օգտագործել է Վրաստանի ավելի քան 55 հազար քաղաքացի: Նրանցից թույլատրված ժամկետում դեռևս չի վերադարձել 3000-ը: Տեղեկությունները հաղորդել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Ըստ նրա՝ չվերադարձած անձանց ինքնությունը պարզ է,  այս փուլում չի կարելի ասել, թե նրանք խախտել են 90-օրյա կեցության ժամկետը, քանի որ նրանց մի մասը կարող էր մեկնած լինել այնպիսի երկրներ, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չունի։

«Հնարավոր է նրանք մեկնել են Ուկրաինա, Թուրքիա, Բելառուս: Միանշանակ չի կարելի ասել, որ նրանք խախտել են թույլատրելի ժամկետները, բայց ամեն դեպքում նախարարությունը նրանց ներառել է հնարավոր ռիսկային խմբում, և մոնիթորինգ է իրականացվում՝ որ շրջաններից են նրանք մեկնել, ովքեր են, ինչ կապեր ունեն և այլն։ Հիմնականում մեծ ռիսկեր չկան, քանի որ մեծ մասը հետ է վերադառնում: Երկրներից, ուր մեկնում են Վրաստանի քաղաքացիները, ահազանգեր չկան»,- ասել է Խուցիշվիլին՝ նշելով, որ հիմնականում մեկնում են այն երկրներ, որոնց հետ Վրաստանն ուղիղ օդային հաղորդակցություն ունի, կամ մեծ սփյուռք: Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Հունաստանը և այլն:

Թողնել պատասխան