Երևանի քաղաքապետարանի միջադեպը վրաստանյան լրատվամիջոցներում

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների կողմից իրականացրած ակցիան  և դրան հաջորդած` բռնություններով ուղեկցված միջադեպը լայնորեն լուսաբանվեց վրաստանյան առաջատար լրատվամիջոցների կողմից: Հիշեցնենք` «Երկիր Ծիրանի»-ի անդամները, ենթադրաբար Նուբարաշենից սրվակների մեջ կոյուղու ջուր էին բերել նիստերի դահլիճ և փորձել այն փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:  Միջադեպի ժամանակ ավագանու ՀՀԿ-ական անդամները ֆիզիկական ուժ էին կիրառել ակցիայի կազմակերպիչների նկատմամբ:

Վրաստանյան տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները հետեւյալ վերնագրերով նյութեր էին հրապարակում. «Երևանի քաղաքապետարանում ծեծի են ենթարկել կին պատգամավորների», «Երևանում պաշտոնյաները ծեծել են կին պատգամավորին», «Ծեծկռտուք Երևանի քաղաքապետարանում` պատգամավորները ընդդիմադիր գործընկերոջը ֆիզիկական վիրավորանք են հասցրել»: Ի դեպ, տեղի ունեցածը ակտիվորեն լուսաբանում էին երկրի երկու հիմնական հեռուստաալիքները` «Ռուսթավի 2»-ը և «Իմեդի»-ն:

«Միջադեպի պատճառը ջրով լի շիշն էր, որը քաղաքապետարան էր բերել ընդդիմադիր պատգամավոր Մարինա Խաչատրյանը: Խաչատրյանին խոչընդոտելու ժամանակ շիշը ընկել է և նիստերի դահլիճում տհաճ հոտ է տարածվել, ինչից հետո հանրապետականները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորի վրա և ֆիզիկական բռնության ենթարկել: Որոշ պատգամավորներ հոտի պատճառով տեղափոխվել են հիվանդանոց»,-  այս տեքստը տարածվում էր գրեթե բոլոր լրատվամիջոցներով:

Որոշ լրատվամիջոցներում հատուկ անդրադարձ եղավ նաեւ Կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին:

Լրատվամիջոցները նաև հիշեցնում էին, որ փետրվարի 12-ին Նուբարաշենի բնակիչները ցույցով բողոքել են շրջանի կոյուղու համակարգի և խմելու ջրի որակից:

Թողնել պատասխան