«Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գիրքը ներկայացվեց Թբիլիսում

Վիրահայոց թեմին կից գործող Հայարտուն կրթամշակութային կենտրոնում  նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Լեզվի պետական տեսչության ղեկավար, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքի հերթական՝ «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է Թիֆլիսի հայտնի տոհմերից մեկին, որի անդամները հաջողությունների հասնելով առևտրային գործունեության մեջ՝ նաև բարերարություն ու մեկենասություն էին անում։

1840-ականներին Գաբրիլ Թամամշևին է վստահվել Թիֆլիսում, ինչպես նաև ողջ Անդրկովկասում առաջին օպերային թատրոնի կառուցումը։ Քաղաքի ներկայիս կենտրոնական հրապարակում (Ազատության) գտնվող թատրոնում, սակայն 1847թ․ հրդեհ է բռնկվել, որը արագ մարել չի հաջողվել։ Թամամշևների կապը, սակայն, օպերային թատրոնի հետ չի ավարտվել․ 1908 թ․ Վասիլի Թամամշևը նշանակվել է Գոլովինսկի՝ այժմ Ռուսթավելի, պողոտայում  կառուցված նոր օպերային թատրոնի ղեկավար։

«Մեկ տարի առաջ, երբ որոշեցինք անդրադառնալ Թամամշյանցներին, չգիտեինք, թե ինչ կստացվի: Նրանց հետքերով  ուսումնասիրություն արեցիք ոչ միայն Թբիլիսիում, այլև Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Կրասնոդարում, Ստավրոպոլում և այլն: Արդյունքում ունենք Թամամշյանցների մի շարք երևելի անդամների մասին գիրք և 4 տեսաֆիլմ»,- Ալիքի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ Սերգո Երիցյանը։

Ուսումնասիրությունները պարզել են, որ Թամամշյաններն են  կառուցել նաև Ստավրոպոլի ջրատարը, Կրասնոդարում անօթևանների համար կառուցված տները:

Հեղինակի խոսքով, Թամամշյանցները «թիֆլիսյան կյանքի երևելիներից են, առևտրականներ, արդյունաբերողներ, ստեղծագործողներ, մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել թիֆլիսյան կյանքին»:

Միջոցառմանը ներկա Թամամշյանցների գերդաստանի Թբիլիսիում ապրող միակ ներկայացուցիչ Նատալիա Թամամշևան Ալիքի հետ զրույցում պատմել է, որ մնացել է միայն ինքն ու զարմիկը, որն ապրում է Կանադայում։ «Ես, իհարկե, հպարտ եմ իմ նախնիների արած գործերով»,-դիտելով  Թամամշյանների մասին ֆիլմը, ասել է Նատալիա Թամամշևան։

Թողնել պատասխան