Կալաձեն`«Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի ղեկավար

Իշխող`  «Վրացական երազանք»  կուսակցության նախընտրական շտաբը գլխավորելու է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Այս մասին հայտնել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Կառավարության ղեկավարը այս որոշումը բացատրել է հետեւյալ կերպ. «Կախա Կալաձեն մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր կազմակերպչական հիանալի ընդունակությունները և կառավարման կարողությունները: Նախընտրական շրջանում որոշակի անհանգստություն կարող է լինել, և մեր գլխավոր նպատակը այն է, որպեսզի մրցակցությունը չվերածվի առճակատման»:

Խոսելով իր նշանակման մասին`  Կալաձեն ասել է. «Վրացական երազանքը», որպես իշխող կուսակցություն, կանի ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն ժողովրդավարական, արդար, ազատ և խաղաղ միջավայրում: Մենք ոչ ոքի թույլ չենք տա սադրանքներով և հակակառուցողական գործողություններով ստվեր գցել հոկտեմբերյան ընտրությունների վրա»:

Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 8-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 8-ին: Ներկայում ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 30 կուսակցություն:

Թողնել պատասխան