ԿԸՀ-ն պատրաստ է կրկնակի ընտրություններին

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)  տեղեկացնում է, որ հոկտեմբերի  22-ին  Զուգդիդիի և Մառնեուլիի 4 ընտրատեղամասերում կանցկացվեն կրկնակի ընտրություններ: 

ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն հրավիրած ասուլիսում հիշեցրել  է, որ Զուգդիդիում ընտրապայքարն ընթանալու է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընտրացուցակով առաջադրված թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կնոջ` Սանդրա Ռուլոֆսի, և  «Վրացական երազանք»-ից շրջանի վարչակազմի ղեկավար Էդիշեր Թոլորայայի  միջև: Միքելաձեի փոխանցմամբ,  հանձնաժողովը պատրաստ է ընտրությունների անցկացմանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն  արդեն նշանակել է նաև Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի օրը: Հոկտեմբերի 30-ին երկրի  48 ընտրատարածքում քաղաքացիները երկրորդ անգամ կմասնակցեն քվեարկության:

Ընտրատարածքների թիվը, սակայն, մինչև հոկտեմբերի  30-ը հնարավոր է հասնի 50-ի: Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն  Զուգդիդիի և Մառնեուլիի ընտրատարածքներում:

Թողնել պատասխան