Հայաստանը վրաստանցի ուսանողների դիտակետում

Հայաստանի և Վրաստանի բուհերի ուսանողների համագործակցության հերթական ծրագրի շրջանակներում Վրաստանցի ուսանողները հնարավորություն են ունեցել մեկ ամսով այցելել Հայաստան և ուսումնասիրել իրենց ամենից շատ հետաքրքրող թեմաները։

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի 23-ամյա Թինաթին Սոզիաշվիլին երկրորդ անգամ է Հայաստանում։ «Ալիք մեդիային» ասում է, երբ առաջին անգամ եկել է Երևան, զարմացել է փողոցներում մեծ թվով գրառումներ տեսնելով և արդեն հետազոտությունը կատարելիս որոշել է հենց այդ թեման էլ ուսումնասիրել։

«Ինձ հետաքրքրեց, թե ինչպե՞ս և ինչու՞ են դրանք արվում։ Եվ երբ պետք է աշխատեի, մտածում էի, թե մեկ ամիս ինչ պետք է անեմ Երևանում, ուստի որոշեցի անել այն, ինչն ինձ իսկապես հետաքրքրում է»,-ասում է ուսանողուհին՝ հավելելով, որ ծրագիրը լայն հնարավորություներ է տվել երևանյան գրաֆիտիներն ուսումնասիրելու համար։

Սոզիաշվիլին նկատել է ինչպես փողոցներում արված հայ հերոսների ու հանճարների նկարները, բնապատկերները, այնպես էլ քաղաքական` պրոտեստային գրառումները, որոնք կոչ են անում միավորվել և պայքարել ռեժիմի դեմ։ Նրա աչքից չեն վրիպել նաև հայհոյախառն արտահայտությունները, որոնք, ի դեպ, ըստ նրա դիտարկումների հիմնականում արված են մութ գետնանցումներում։

Ըստ հետազոտողի՝ փողոցային գրառումներ՝ գրաֆիտիներ, նախ սկսել են անել անհատները, այնուհետև քաղաքի իշխանությունները որոշել են օգտագործել այդ հաջողված փորձն ու արդեն հստակ քաղաքականությամբ սկսվել են գունազարդվել քաղաքի դալանները, խաղահրապարակները, որոշ շենքեր։

Ուսումնասիրության ներկայացմանը ներկա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի կարծիքով քաղաքապետարանի միջամտությունն էլ հատուկ քաղաքականություն ուներ։

«Սկզբից հայտնվում են գրաֆիտիները, որոնք իրենց մեջ որոշակի բողոք են պարունակում, հետո, որպեսզի այդ տեքստերը վերանան, վերևներից առաջարկում են ստրիթարտ, ընդ որում, այնքան «ագրեսիվ» ու ամբողջական են լինում դրանք, որ ազատ տարածություն չեն թողնում որևէ այլ բանի համար»,-ասում է Շագոյանն ու հիշում, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ մարտիմեկյան բախումների և սպանություններից հետո այդ տարածքում գրաֆիտիի ձևով նկարներ արվեցին՝ ցույց տալով, որ այստեղ մարդիկ են զոհվել։ Շագոյանի համար նաև զավեշտալի է, որ քաղաքի հին շենքերը շարունակվում են քանդվել, իսկ փոխարենը դրանք նկարվում են փողոցներում։

Այնուամենայնիվ, հետազոտողը նկատում է

«Փաստորեն այս գրառումներն այնքան հրապուրիչ, հետաքրքիր են եղել, ուշադրություն են գրավել, որ ուսանողը հատուկ դրա համար երկրորդ անգամ է եկել ու որոշել ուսումնասիրություն անել։ Դա է փաստորեն տարբերվում իր միջավայրից ու այնքան է աչք ծակել, որ ուսումնասիրության թեմա է ընտրվել»։

Հետազոտությունն իրականացրած Թինաթին Սոզիաշվիլին նշում է, որ հետաքրքիր են եղել ոչ միայն գրաֆիտիներն ու ստրիտարտերը, այլև դրանց ուսումնասիրման ընթացքը։

«Բազմաթիվ հարցազրույցներ եմ արել թեման վերհանելու համար։ Հարցազրույցներ էի անում, պտտվում էի փողոցներում, նկարում, խոսում մարդկանց հետ։ Շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպել այս շրջանում։ Շատ հետաքրքիր էր, որ մեծերը խոսում են ռուսերեն, իսկ ավելի երիտասարդներն առավել լավ գիտեն անգլերեն»,-ասում է ուսանողուհին ու նշում, որ թեև Թբիլիսում չի ուսումնասիրել այս թեման, սակայն կարծում է, որ տարբերվում են երևանյան և թբիլիսյան գրաֆիտիները։

20170718_170824Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի 24֊ամյա Մարիամ Շարիան էլ որոշել է ուսումնասիրել հայաստանյան սոցիալական ձեռնարկությունները։ Ըստ ուսանողուհու՝ դրանք շատ կարևոր հանրային նշանակություն ունեն, աշխատատեղեր են ստեղծում, նպաստում են հասարակության զարգացմանը։

«Մեր տարածաշրջանում կարծում եմ շատ կարևոր է ունենալ զարգացած սոցիալական ձեռնարկատիրություն։ Ես չգիտեի որևէ բան հայաստանյան սոցիալական ձեռնարկատիրությունների մասին, ուստի ինձ  շատ հետաքրքիր էր այս թեմայի վրա աշխատելը։ Ես կապ հաստատեցի ոլորտի ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ արեցի»,-ասում է Շարիան՝ նշելով, որ մտադիր է առաջիկայում էլ Վրաստանում նման հետազոտություն իրականացնել։

Ծրագրի գիտական ուղղորդողներից Սաթենիկ Մկրտչյանն ասում է, որ ըստ ծրագրի կառուցվածքի՝ մասնակիցները պետք է ընտրեն հետազոտական խնդիր ու այդ խնդրի միջոցով մեկ ամսվա ընթացքում անհատական փոքր հետազոտության միջոցով ճանաչեն Հայաստանն ուառօրյա իրականությունը։

«Նպատակը երկակի է, սովորեցնել դաշտային աշխատանք անել՝ հետազոտությունն սկսել զրոյից և ինչ որ մի կետի հասցնել, մյուս կողմից` միջոց է Հայաստանը Վրաստանի ուսանողների համար առավել ճանաչելի ու հասկանալի դարձնել»,-ասում է Մկրտչյանը՝ հավելելով, որ բացի հետազոտություններից, ուսանողներն այս ընթացքում նաև ճամփորդել են, եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, այցելել են մշակութային օջախներ։

Հատկանշական է, որ այս ընթացքում հայաստանցի երկու ուսանողներ էլ Վրաստանում են հետազոտություններ իրականացնում։ Նրանցից մեկն իրականացնում է ազգագրական դաշտային ուսումնասիրություն Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վերաբերյալ, իսկ մյուսը` արխիվային ուսումնասիրություն է իրականացնում Անդրկովկասյան Ֆեդերացիայի բյուրոյում ղեկավար կազմի ընտրության հարցերի վերաբերյալ։

Ըստ Մկրտչյանի՝ այս կրթաթոշակի կարևոր հատկանիշներից է այն, որ բոլոր նախաձեռնությունները ուսանողներինն են, ծրագիրը պարզապես հարթակ ու նյութատեխնիկական ապահովություն է տալիս իրենց աշխատանքներն իրականանցնելու համար։

Ծրագիրն իրականացվել է երկու տարի առաջ Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մեկնարկած հայ-վրացական ակադեմիական եւ ուսանողական համագործակցության շրջանակներում։

Թողնել պատասխան